Փնտրվում են իրական սեփականատերերը. վարչապետը «գաղտնազերծման» գործընթաց է սկսկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել: Իսկ այդ խմբի անդամները՝ 15 հոգի, պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փաստերը բացահայտելուց հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը երկամսյա ժամկետով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Համաձայնեք` վարչապետի որոշումը, մեղմ ասած, տարօրինակ է: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ասենք ավելին` զարմանալի զուգադիպությամբ` այդ իրական սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, նույն Կարեն Կարապետյանի կուսակից ընկերները:
Ու հիմա ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու իմաստն անհասկանալի է: Մեկ զավեշտալի փաստ ևս. այդ խմբում պետք է ընդգրկվեն նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները ևս, իհարկե, իրենց համաձայնությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]