211652_close_icon
views-count3291 դիտում article-date 10:49 28-03-2018

Չափազանց հանդուրժող ենք մարդկանց բացահայտ ապօրինի վարքի հանդեպ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք չգիտենք, թե որոնք են մեր այն իրավունքները, որոնց համար արժե պայքարել, և որոնք են, որ ընդհանրապես իրավունքների շարքին չեն պատկանում: Օրինակ՝ հայկական ֆեյսբուքում պայքար են մղում ոստիկանական գունդը զենքով գրավելու իրավունքի համար՝ հանուն սպանելու, պատանդ վերցնելու, մեքենաներ վառելու իրավունքի: Այդ դեպքում կարելի է վերցնել Քրեական օրենսգիրքը և այնտեղ զետեղված բոլոր հոդվածները դիտարկել որպես իրավունք, ոչ թե որպես հանցագործություն: Կամ՝ վերցնենք ավելի «թեթև դեպք»: Մարդիկ պայքարում են՝ քաղաքում 100 կիլոմետր ժամ արագությամբ քշելու և չտուգանվելու իրավունքի համար: Եվ իրար են առաջարկում զանազան հնարքներ, թե ինչպես քշել այդ վտանգավոր արագությամբ ու չտուգանվել: Նույնը՝ ծխողների իրավունքը՝ նստել փակ տարածքում և կայֆ ստանալ՝ ուրիշներին թունավորելով: Բայց հիշենք, որ Հայաստանի տարածքը 29 հազար քառակուսի կիլոմետր է: Դրանից փակ տարածքն են կազմում բոլորը միասին վերցրած, ենթադրենք, 100 քառակուսի կիլոմետր (իրականում, երևի, ավելի քիչ է): Հետևաբար 28 հազար 900 քառակուսի կիլոմետրը ծխողների տրամադրության տակ է: Դուրս եկեք փակ տարածքից մաքուր օդի ու ծխեք՝ որքան ուզում եք: Դրանից լավ իրավո՞ւնք: Եվ հակառակը՝ կան իրավունքներ, որոնք պետք է պաշտպանել: Դա, նախևառաջ, սեփական համոզմունքներն ունենալու և արտահայտելու իրավունքն է: Ես, օրինակ, զգում եմ, որ շատ հարցերում համաձայն չեմ իմ համաքաղաքացիների տեսակետների հետ, ես ակնհայտորեն փոքրամասնության մեջ եմ թեկուզ վերը շարադրված խնդիրներում, բայց մեծամասնության ոչ մի ճնշում, ոչ մի շանտաժ չի կարող ինձ ստիպել մտնել ընդհանուր հոսանքի մեջ: Ճիշտ նույն ձևով մարդը լիակատար իրավունք ունի որոշելու, թե ինչպես է հագնվում, ինչ գույնի է ներկում մազերը, երբ է սկսում սեռական կյանքը, ում հետ և ինչպես է այն անցկացնում և այլն: Այդ իրավունքը չընդունող «քյարթուները» կարող են ապրել ինչպես հեռավոր լեռնային գյուղում, այնպես էլ Երևանի կենտրոնում, այնպես որ՝ այստեղ ինչ-որ աշխարհագրական կամ տեղայնական խնդիր չկա: Խնդիրը հետևյալն է՝ մեզանում «ազգի զավակները» լիքն են, իսկ քաղաքացիները՝ քիչ: Որպես «ազգի զավակներ» մենք կարող ենք ընդդիմանալ, երբ որևէ մեկի վարքը, մեր կարծիքով, չի համապատասխանում «հայու գենի» մասին մեր պատկերացումներին: Բայց քանի որ մենք քաղաքացի չենք, մենք չափազանց հանդուրժող ենք մարդկանց բացահայտ ապօրինի վարքի հանդեպ: ... Վերջերս երթուղային տաքսիում մի կին նկատողություն արեց վարորդին և խնդրեց, որ չծխի: Վարորդը խոնարհաբար գցեց ծխախոտը, բայց փնթփնթաց՝ «էս ի՞նչ ա դառել էս երկիրը»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր