211652_close_icon
views-count2893 դիտում article-date 22:26 29-03-2018

Ջրային տնտեսության պետական կոմիտեում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են հանրային-մասնավոր գործընկերության ներուժի, Աէրացիայի մաքրման կայանի, Վեդու ջրամբարի շինարարության և մի շարք այլ հարցեր: Արսեն Հարությունյանը դեսպանին է ներկայացրել ոռոգման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության փորձը և առանձնացրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ իրականացված աշխատանքները՝ որպես փոխադարձ հարգանքի, արդյունավետության վրա հիմնված գործընկերության օրինակ: Ա. Հարությունյանը հույս հայտնեց, որ նաև դեսպան Լաքոթի աջակցությամբ հնարավոր կլինի հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դրսևորումներում պահպանել այս դրական փորձառությունը: ՋՏՊԿ նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաև Ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերության հետ գործակցությունը՝ որպես պետություն-մասնավոր փոխգործակցության նմուշ: Ա. Հարությունյանը նշել է, որ խմելու ջրի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել միայն փոխօգնության և համագործակցության միջոցով: Խոսելով հայ-ֆրանսիական համագործակցության մյուս՝ չափազանց կարևոր ծրագրի մասին, Ա. Հարությունյանը նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ 0-ից կառուցվող առաջին՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով: Շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի նախատեսվածից 6 ամիս շուտ: Ծրագրվում է, որ 2020 թվականի ոռոգման շրջանին կմասնակցի արդեն Վեդու նոր ջրամբարը: Դեսպան Լաքոթը շնորհակալություն հայտնեց հանդիպման և ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համապարփակ տեղեկությունների տրամադրման համար: Նա հույս հայտնեց, որ ՋՏՊԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ կկրեն: Նշենք, որ Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա: Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ: [b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր