211652_close_icon
views-count3135 դիտում article-date 10:53 05-04-2018

Պե՞տք է արդյոք լինի նոր գլոբալ ցնցում, որ ձևավորենք ժամանակին համարժեք պատասխան. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ»: Սա մեջբերում է Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթից: Բոլորս էլ հուսով ենք: Սակայն առայժմ նման լավատեսության համար հիմքեր, կարծես թե, չկան: Միջազգային կառույցները (ասենք, ՄԱԿ-ը) չեն դարձել այն հարթակը, որտեղ միջազգային մակարդակով մշակվում են խաղի կանոններ և, որն ավելի էական է, կա այդ կանոնները պարտադրելու մեխանիզմ: Հասարակ օրինակ. ենթադրենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ընդգրկվում է Սկրիպալների հարցը: Պարզ է, որ որևէ բանաձև չի ընդունվի. կողմերը հանդես կգան փոխադարձ մեղադրանքներով, ու դրանով ամեն ինչ կավարտվի (քարոզչությունից այն կողմ հարցը չի գնա): Բայց եթե զուտ տեսականորեն ընդունենք, որ ինչ-որ հրաշքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի որևէ բանաձև՝ ի՞նչ է, Բրիտանիան կհամաձայնի, որ սխալվե՞լ է՝ մեղադրելով Ռուսաստանին, կամ Ռուսաստանը կասի, որ սխալվե՞լ է՝ թունավորելով Սկրիպալներին: Եթե հարցին մոտենանք իրավական ամենայն խստությամբ, ապա մեղադրանքն ապացուցելու բեռն ընկնում է մեղադրող կողմի վրա, բայց այս դեպքում դա՛ չէ կարևորը, այլ այն, որ ՄԱԿ-ը կամ միջազգային որևէ այլ ատյան չի ապահովում խնդիրը կարգավորելու որևէ մեխանիզմ: Եվ Սկրիպալների թունավորումն աշխարհին հուզող ամենակարևոր հարցը չէ՝ պարզապես փոքրիկ օրինակ է: Հայաստանի պաշտպանության նախարարը նշում է, որ Ազգերի լիգայի և Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման պահին «այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան»: Ուրեմն, հավանաբար, Ազգերի լիգան ու ՄԱԿ-ն այն կառույցները չէին (չեն), որոնք կարող են կատարել այդ գործառույթը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ դրանք հիմնված են սխալ, չգործող սկզբունքների վրա: Որոնք պետք է լինեն նոր սկզբունքներ՝ ես չգիտեմ, բայց դարձյալ կարող եմ ենթադրել, որ մոտակա տասնամյակներում վերաիմաստավորվելու են «ուժ» և «հարստություն» հասկացությունները թե՛ միջազգային և թե՛ տեղական մակարդակով: Իր ելույթում Վիգեն Սարգսյանը հիշեցնում է. «Մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի խաչման կետում»: Առայժմ ստացվում է: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու վաղը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր