«Նովիչոկ» դեղի հետքերը տանում են Ռուսաստան. բրիտանական հատուկ ծառայություններ
Բրիտանական հատուկ ծառայությունները պնդում են, որ գտել են վայրը, որտեղ արտադրվել է Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային, թունավորող «Նովիչոկ» նյութը, հաղորդում է Times թերթը։
«Անվտանգության ուժերը գիտեն, թե Ռուսաստանի որ լաբորատորիայում է արտադրվել նյութը, որն էլ օգտագործվել է Սոլսբերիում»,-գրում է թերթը։
Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը նշում է, որ տվյալների մասին հայտնի է դարձել գիտական վերլուծության ու հետախուզության արդյունքում։
Հիշեցնենք, որ ռուս-բրիտանական հարաբերությունները սրվել են Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո։ Թունավորման մեջ կողմերը միմյանց են մեղադրում, իսկ Լոնդոնը ռուս դիվանագետների է արդեն արտաքսել երկրից։