211652_close_icon
views-count3522 դիտում article-date 15:05 19-04-2018

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում քարեր նետող ու լուսաֆոր կոտրող 2 անձ է ձերբակալվել. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները եւ ճանապարհային նշանները, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննության ընթացքում ի թիվս քննչական եւ դատավարական այլ գործողությունների զննության են ենթարկվել նաեւ դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, պարզվել ակտիվ գործողություններ կատարած, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցող անձանց ինքնությունը։ Արդյունքում՝ երկու անձ, ովքեր կոտրում են լուսաֆորները, ճանապարհային նշանները, նետում քարեր, ձերբակալվել են։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ տեսանյութերում պատկերված մյուս անձանց եւս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր