211652_close_icon
views-count21840 դիտում article-date 14:39 25-04-2018

Գեներալ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը՝ Նվեր Հովհաննիսյանի զոհվելու առիթով

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ապրիլի 23-ին մի խումբ սադրիչների նախաձեռնած պետականամերժ, հանցագործ արարքներին զոհ դարձած երկրապահ, զինվոր ազատամարտիկ Նվեր Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նվեր Հովհաննիսյանը բացառիկ հայրենասեր անձնավորություն էր, որ ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ազատագրության համար պայքարին եւ զոհվեց ծառայողական պարտականություններն իրականացնելիս, երբ փորձում էր սաստել արբած խուժանին եւ պաշտպանում էր պետական գույքը: Չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ Նվերը նահատակվեց հանուն հայրենիքի: Թերեւս արժե Նվերի որոշակի կենսագրական տվյալներ հիշատակել: Նա 1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին: 1994թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից եւ ձեռքից ու զորացրվել, առաջին կարգի հաշմանդամ էր: Հաշմանդամ վիճակում էլ նա 2016-ին առաջին օրից մինչեւ վերջին օրը մասնակցեց ապրիլյան պատերազմին: 1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքային ավագանու անդամ: 2008թ.-ից աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում որպես քաղաքապետի օգնական, Մշակույթի պալատի տնօրեն: Նա համակարգում էր քաղաքապետին կից ուսանողական խորհրդի աշխատանքները: 2009թ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն էր: Պարգեւատրվել է «Մարտական գործողությունների մասնակից», «Մարտական ծառայության» մեդալներով, ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» եւ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալներով: Ուներ երկու դուստր, երկուսն էլ ուսանող են: Նվեր Հովհաննիսյանի թանկագին հարազատներ, բարեկամներ, ընկերներ, մտերիմներ, ընդունեք երկրապահական եռասերունդ ընտանիքի ցավակցությունները, վստահ եղեք, որ նա հավերժ կապրի սերունդների հիշողություններում, նա, իր ապրած կյանքը օրինակ պետք է դառնան պատանի, երիտասարդ երկրապահների համար, հենց նման քաջերի օրինակով ենք մենք կազմակերպում հայրենասիրական դասընթացները: Հավերժ փառք քեզ եւ ննջիր խաղաղությամբ, թանկագին իմ մարտական ընկեր: [b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան [/b] Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/24/1094455/]հայտնել [/url]էինք, որ ապրիլի 23-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել էին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերվ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել էր, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանն էր։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նա Արցախյան և Քառօրյա պատերազմի մասնակից էր եղել, առաջին կարգի հաշմանդամ էր, խնամքին ուներ 2 դուստր։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր