211652_close_icon
views-count16385 դիտում article-date 12:46 04-05-2018

Միջազգային համաժողով Երևանում․ ուշադրության կենտրոնում ՏՏ ոլորտի արդիական հիմնահարցերն են

Երևանում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։ Միջազգային համաժողովը նվիրված էր ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին և կրում էր «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագիրը։ Ռուսական գիտությունների ակադեմիայի Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանը պատահական չի ընտրվել որպես համաժողովի անցկացման վայր․ «Նախ՝ Վ․ Իվաննիկովը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Հայաստանի հանդեպ, բացի այդ, այստեղ՝ ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում, գործում են Իվաննիկովի հիմնած երկու գիտական լաբորատորիաները։ Հաշվի ենք առել նաև Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները ՏՏ ոլորտում»։ Ավետիսյանը շեշտում է, որ համաժողովը նվիրված է մեծ գիտնականին և ուսուցչին։ «Այս տարի նշվում է ԽՍՀՄ-ում ՏՏ ոլորտի հիմնադրման 70-ամյակը։ Հայաստանն, անկասկած, եղել է ՏՏ ոլորտի շարժիչներից մեկը ԽՍՀՄ-ում։ Կարծում եմ, որ ճիշտ էր միջազգային համաժողովը այս փոքր, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր մակարդակ ունեցող երկրում կազմակերպելը»,- ասում է Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը։ «Ակնկալում եմ, որ համաժողովը կդառնա ժամանակակից տեխնոլոգիաների քարոզչություն, նաև անձնական կապեր կստեղծվեն, քանի որ համաժողովին մասնակցում են ինչպես ոլորտի հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ»,- ասում է Ավետիսյանը։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորում է նման համաժողովի կազմակերպումը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կդառնա ամենամյա և կվերածվի հարթակի, որտեղ ոլորտի մասնագետները կկարողանան խոսել առաջավոր տեխնոլոգիաներից, ոգևորել երիտասարդներին, որ մնան և աշխատեն Հայաստանում՝ միաժամանակ մասնակից լինելով աշխարհի մակարդակով արդիական հետազոտությունների։ «Դա հնարավորություն կտա մեր տաղանդներին պահել այստեղ»,- ասում է նա։ «Մոսկվայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը մեծ ներդրումներ է անում Հայաստանում և գիտական օջախներ է ստեղծում։ Սրանք գիտական կենտրոններ են, որտեղ առաջանցիկ, ողջ աշխարհին հուզող խնդիրներ են լուծվում ՏՏ անվտանգության և արհեստական բանականության ոլորտում, և մեր երիտասարդներն այդ հետազոտությունների մասնակիցն են։ Այս ամենի արդյունքում կունենանք շրջանավարտներ, որոնք պատրաստ կլինեն աշխատաշուկա մտնել որպես առաջանցիկ հետազոտություններ իրականացնող մասնագետներ»,- ասում է պարոն Թոփչյանը։ Միջազգային համաժողովի մասնակիցներից է նաև IEEE Computer Society-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Պրոխորովը։ Ասում է, որ բանակցություններ է վարում՝ Հայաստանում Տեխնոլոգիաների առաջխաղացման մասնագիտական ասոցիացիայի (IEEE Computer Society) ներկայացուցչություն հիմնելու ուղղությամբ։ «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ կտա դա։ Պատասխանը մեկն է՝ փող չի տա, բայց կբերի ճանաչում, հնարավորություն կստեղծի, որ ոլորտի մասնագետները տպագրվեն հեղինակավոր ամսագրերում և ունենան բարձր վարկանիշ»,- ասում է նա։ Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են Հետազոտությունների և ինովացիայի հունական հիմնադրամի գիտական խորհրդի նախագահ Դիոնիսոս Ցիկրիձիսը, Դանիական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները, «Տեխնիոն» Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ասաֆ Շուստերը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։ Համաժողովի հյուրերի մասնակցությամբ այսօր Խոր Վիրապում կբացվի խաչքար՝ նվիրված ակադեմիկոս Իվաննիկովի հիշատակին։ Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Վիկտոր Իվաննիկովի ուսանողներն ու հետևորդները տարբեր երկրներից՝ բարձր գնահատելով նրա ներդրումը ՏՏ ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական համագործակցության խթանման գործում։ Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսական գիտությունների ակադեմիայի Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը։

Նմանատիպ նյութեր