211652_close_icon
views-count3526 դիտում article-date 16:49 07-05-2018

ԱԳ փոխնախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով միջազգային խորհրդաժողովին

Մայիսի 3-4-ին Դուշանբեում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Տաջիկստանի կառավարության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և ԵՄ կողմից կազմակերպված «Ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարը» խորագրով բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների արտաքին և ներքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, միջազգային կազմկերպությունների ղեկավարներ, հակաահաբեկչական գործակալությունների և կենտրոնների ներկայացուցիչներ։ Կոնֆերանսը բացվեց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Հակաահաբեկչական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Վորոնկովի և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի ելույթներով։ Ելույթ ունենալով ահաբեկչության և բռնի ծայրահեղության դեմ միջազգային հանրության միասնական ջանքերով պայքար մղելու կարևորության մասին, այդ ոլորտում առկա մարտահրավերների շարքում Աշոտ Հովակիմյանը առանձնացրեց Սիրիայում և Իրաքում Դաեշ և Ալ Նուսրա ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրոնական և էթնիկական խմբերի նկատմամբ իրականացված բռնությունները և զանգվածային ջարդերը: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանը առաջին երկրների շարքում էր, որոնք դատապարտեցին այդ ահաբեկչական կազմակերպությունների կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածները: Աշոտ Հովակիմյանը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքից օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների վերադարձի առնչությամբ, ինչը տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիր է դառնում և կարող է հանգեցնել հակամարտությունների գոտիներում իրավիճակի սրման: Մերձավոր Արևելքից վերադարձող ահաբեկիչները ներմուծում են իրենց ծայրահեղական գաղափարները և բռնության գործելաոճը՝ դրանով իսկ նպաստելով հասարակությունների արմատականացմանը: Այդ համատեքստում և ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի, Հովակիմյանը նշեց Ադրբեջանի կողմից այլատյացության հողի վրա հայերի նկատմամբ Դաեշ-ի ոճով կատարած հանցանքների մասին: Փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ազգային փորձը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և ներդրումը՝ այդ ուղղությամբ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, ՀԱՊԿ շրջանակներում ու երկկողմ ձևաչափով միջազգային հանրության ջանքերին: Մասնավորապես, նա անդրադարձավ Հայաստանի և գործընկերների կողմից ՄԱԿ-ի և ԵԱՀԿ շրջանակներում մի շարք բարձր մակարդակի միջազգային միջոցառումների կազմակերպմանը, որոնք նվիրված են եղել Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի պաշտպանությանը, միջկրոնական խաղաղության և կայունության պահպանմանը և քրիստոնյաների ու այլ կրոնական խմբերի ներկայացուցիչների նկատմամբ այլատյացության հողի վրա հանցանքների կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Խորհրդաժողովի շրջանակներում փոխնախարար Հովակիմյանը երկկողմ հանդիպում ունեցավ Տաջիկստանի ԱԳ նախարարի տեղակալ Իսմատուլո Նասրեդինի հետ: Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հարցերը:

Նմանատիպ նյութեր