96957 դիտում
21:51 10-05-2018
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Վերջին օրերի ընթացքում լրատվական միջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների, տարակարծությունների, դժգոհությունների, քննադատությունների և աջակցությունների ալիք է բարձրացել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման շուրջ:
Արվում են տարաբնույթ անհավանական մեկնաբանություններ և հնչում տարբեր, երբեմն՝ ծայրահեղ կոչեր: Ինչն է ամենատարօրինակն ու ցավալին՝ շատ դեպքերում նախաձեռնողը, հրահրողն ու տարածողը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տարբեր պաշտոնյաներ ու աշխատակիցներն են:
Սա է պատճառը, որ ես անհրաժեշտ եմ համարում տալ լրացուցիչ պարզաբանումներ: Իրականում՝ ուղղակի կան փաստեր և ապացույցներ, նման դեպքերի քննարկման համար առկա միջազգային և ազգային համապատասխան իրավական դաշտ, քննող և որոշումներ կայացնող ազգային և միջազգային կարգապահական մարմիններ, վերջիններիս որոշումների բողոքարկման համար հստակ ընթացակարգ:
Որո՞նք են փաստերը.
- «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին հասցեագրված նամակը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, համաձայն որոնց «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար և խոստացել ևս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու, այդպիսով օգնելու իրենց խաղը հաղթելու համար; -
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նամակը ՀՖՖ-ին, որտեղ պարզաբանվում է, որ
«...Արարատ Հարությունյանն առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարցը:» և հավելվում է, որ
«....Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ արդեն հեռացվել է ակումբից:»
- Էդուարդ Կպոդոյի և Արարատ Հարությունյանի SMS հաղորդագրությունների և հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու սղագրությունները, թե ինչպես են կողմերը քննարկում «գործարքը», «լուծում» անելիքների, վճարվածի և դեռևս վճարվելիքի, ինչպես նաև այլ հարցեր, որն աներկբա փաստում է առաջարկի իմաստը՝ խաղի ընթացքում ֆուտբոլիստի միտումնավոր սխալն ի օգուտ «Շիրակի»;
- իմ և «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկման արդյունքները:
Ինչպե՞ս պետք է նման դեպքերում վարվի ՀՖՖ-ն.
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նման դեպքերում համաձայն ՀՖՖ, ՈւԵՖԱ և ՖԻՖԱ կանոնակարգերի՝ ուղղակի պարտավոր է սկսել կարգապահական գործընթաց, ինչն էլ և արվել է: ՀՖՖ կարգապահական կոմիտեն շատ մանրամասն և առարկայական քննարկել է բոլոր փաստերն ու ապացույցները, այդ թվում` «Շիրակ» ակումբի գրավոր և Արարատ Հարությունյանի հեռախոսային մեկնաբանությունները, ով սկզբից հրաժարվել էր մասնակցել նիստին, ապա՝ համաձայնվել հեռախոսակապի միջոցով տալ պարզաբանումներ և պատասխանել կոմիտեի անդամների հարցերին:
Ակնհայտ է, որ թե «Շիրակ» ակումբը և թե նրա մարզիչը/մարզական տնօրենը հնարավորություն ունեցել են հայտնելու կարծիք և տալու մեկնաբանություններ: Ի դեպ, Արարատ Հարությունյանի գիտությամբ և համաձայնությամբ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է և ինչպես այս, այնպես էլ գործին վերաբերվող բոլոր մյուս փաստերն ու ապացույցներն արդեն տրամադրվել են «Շիրակ» ակումբին: Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն կայացրել է որոշում, որը ՀՖՖ կարգապահական կանոնակարգով նախատեսված և միջազգային նախադեպի պատժամիջոցների հետ համեմատած բավական մեղմ որոշում է:
Արդյո՞ք մեկ մասնավոր անձի արարքի համար պետք է պատժվի ակումբը: Այստեղ ևս Կարգապահական կոմիտեն ուրիշ ոչինչ անել չէր կարող, քան առաջնորդվել կանոնակարգով և կիրառել հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ակումբ պատասխանատու է իր անդամների, աշխատակիցների և պաշտոնատար անձանց վարքի համար: Որո՞նք են հետագա քայլերը. հարցն ունի միայն մեկ օրինական լուծում՝ որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտեում, ապա սպորտային հարցերով Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանում:
Կարծում եմ` այդ դեպքում դժվար կլինի կասկածի տակ դնել որոշում կայացնող մարմնի անկողմնակալությունը, ինչը հիմա «Շիրակ» ակումբի պաշտոնյաների կողմից ակտիվորեն փորձ է արվում ներկայացնել ՀՖՖ կարգապահական մարմինների վերաբերյալ: Ճիշտ այնպես, ինչպես ակտիվորեն փորձ է արվում իմ ցանկությամբ և նախաձեռնությամբ «Շիրակ» ակումբին, Շիրակի մարզի ֆուտբոլային ընտանիքին ծառայեցնելու նպատակով օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի իմ՝ օրինաչափ, բնական և նորմալ պահանջը ներկայացնել իբրև հաշվեհարդարի կամ գույք խլելու փորձ: Շատ լավ հասկանում և կիսում եմ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և հայկական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մյուս անդամների զայրույթն ու ցասումը տեղի ունեցածի կապակցությամբ:
Հավատացնում եմ ձեզ, որ չկա և չի կարող լինել աշխարհում գեթ մեկ ֆեդերացիայի նախագահ, ով կցանկանա իր երկրի ֆուտբոլում ունենալ այս կարգի երևույթներ: Կատարվածն անդառնալի հարված է ոչ միայն «Շիրակ» ակումբին, այլ վարկաբեկում է ողջ հայկական ֆուտբոլը: Կատարվածի արդյունքում տուժում են «Շիրակի» և ոչ միայն, բազմաթիվ ազնիվ ու անմեղ ֆուտբոլիստներ, պաշտոնյաներ, հովանավորներ և ուղղակի՝ երկրպագուներ:
Հետևաբար, կասկած անգամ չի կարող լինել, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն՝ անկախ նրանց հասարակությանը մոլորեցնելու ունակությունից, անկախ նրանց բղավելու ձայնի բարձրությունից, միմիայն փաստերի և ապացույցների հիման վրա և հանուն հայկական ֆուտբոլի ապագայի, որտեղ նման երևույթներն ուղղակի տեղի ունենալ չեն կարող»,-ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1811 դիտում
17:09 22-01-2021
ՀՖՖ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
2550 դիտում
00:30 01-03-2014
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` «Ֆուտբոլի ժամը» հաղորդման հյուր. տեսանյութ
Այս բաժնից
2821 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2344 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2641 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ