211652_close_icon
views-count96195 դիտում article-date 22:45 11-05-2018

Պաշտոնը շատ փոքրիկ դիպված է իմ բնավորության մեջ ինչ-որ բան փոխելու համար. Դավիթ Տոնոյան

[b]-Պարոն Տոնոյան, մեր հասարակության մեջ պաշտոնները խիստ անձնավորված են։ Պետական կառույցի աշխատանքը ուղղակիորեն պայմանավորվում է դրա ղեկավարի գործունեությամբ ու բարոյական նկարագրով, ղեկավարի անվան հետ են կապվում ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները, ե՛ւ ձեռքբերումները, ե՛ւ ձախողումները։ Այս երեւույթը բնորոշ է նորակերտ պետություններին։ Եթե խնդրեմ, ի՞նչ կպատմեք Ձեր մասին։[/b] -Իմ ընտանիքի բարոյական ընկալումների եւ հպարտության առանցքը Գրիգոր պապս էր ու նրա եղբայրը՝ Խաչիկ Դաշտենցը։ Մանկության ու պատանեկության տարիներին, հորս միջնորդությամբ, այս երկու մարդկանց կերպարները ահռելի ազդեցություն են ունեցել իմ ներաշխարհի ու մտածելակերպի վրա։ Հորս շեշտադրումները յուրահատուկ էին։ Հայրենասիրական թրթիռներից զատ նա նշում էր, որ իր հայրն ու հորեղբայրը, եղեռնի ժամանակ կորցնելով բոլոր ազգականներին ու հայտնվելով ամերիկյան որբատանը, տոկացել են, միայնակ ու ազնվորեն ճանապարհ են հարթել իրենց համար, բարձրագույն կրթություն են ստացել, աշխատել են, ի վերջո ձեռք են բերել վաստակ, կշիռ, հեղինակություն։ Ոչինչ չի կոտրել նրանց, չի շեղել դժվար, բայց շիտակ ուղուց։ Գրիգոր պապս ղեկավարել է գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսումնական բաժինը, հետո աքսորվել է՝ որպես ժողովրդի թշնամի։ Աննա տատս ամուսնու բացակայության ժամանակ ոչ միայն իր երեխաներին է պահել, մեծացրել, դաստիարակել, այլեւ, որպես մանկատան տնօրեն, խնամել է բազմաթիվ որբերի։ Մեր ընտանիքի ամենավառ հատկանիշը բարոյական սկզբունքների գերակայությունն էր։ -[b]Մանկության եւ պատանեկության տարիներին ո՞վ էր ներում Ձեր «շեղումները» բարոյական սկզբունքներից, ո՞վ էր երես տալիս Ձեզ։[/b] -Ինձ ոչ ոք երես չէր տալիս։ Ես գիտեի, որ յուրաքանչյուր վրիպում, սխալ պատժվելու է արդարամտորեն։ Ինձ սովորեցրել էին հասկանալ, որ պատիժն արդար է։ Դա շատ կարեւոր էր, որովհետեւ պատժվելու ժամանակ քեզ ոտնահարված չես զգում։ Իմ կյանքի ամենամեծ հեղինակությունը եղել է հայրս։ Նա արդար ու առինքնող կերպար էր։ Հայրս երկրաբան էր՝ որոնող, հայտնագործող, պեղող, մոտ բնությանը, տարերքին։ Նա հանդուգն եւ խիզախ տեսակ էր, իր երազանքի հետեւից գնացող, ռիսկի մարդ, հեռու «ասֆալտի» նյութապաշտությունից, շահախնդրությունից, մանրությունից։ Լեռներում էր աշխատում, երբեմն՝ հայրենիքից հեռու… Հայրս մաքսիմալիստ էր բոլոր հարաբերություններում՝ սիրելիս, երազելիս, նվիրվելիս, խիզախելիս… -[b]Իսկ Դո՞ւք, Դուք էլ ե՞ք մաքսիմալիստ՝ սիրելիս, երազելիս, նվիրվելիս, խիզախելիս… [/b] -Ես շատ էի սիրում հորս կերպարը, ես նման էի նրան եւ ուզում էի նմանվել։ Երազում էի երկրաբան դառնալ։ Երբ ավարտեցի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետը, իմ աշխատանքային փուլը համընկավ խորհրդային երկրի փլուզման սկզբնական շրջանի հետ, որը խիստ սահմանափակեց մասնագիտությամբ աշխատելով ինքնարտահայտվելու եւ կայանալու հնարավորությունս։ [b] -Ու Դուք փորձեցիք Ձեզ «ռեալիզացնել» ներքին գործերի նախարարության 6-րդ (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) վարչությունում։[/b] -Այդպես էլ կա։ Ես պետական համալսարանի երկրորդ կուրսից զորակոչվեցի խորհրդային բանակ։ Ծառայության տարիները մեծ ազդեցություն ունեցան իմ հետագա մասնագիտական կողմնորոշման վրա։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էի եւ, որպես տղամարդ, կայանալու խնդիր ունեի։ Ուժային կառույցում կայանալը երիտասարդ տղամարդու համար վատ տարբերակ չէր։ Դա ծանր, վտանգավոր, ուժ եւ կամային որակներ, հնարամտություն ու համարձակություն պահանջող գործ էր, որը ինձ օպերատիվ աշխատանքի մեծ փորձառություն տվեց։ Հետո ես այդ փորձը օգտագործեցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, ապա ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին։ Որպես օպերատիվ աշխատող՝ ես շատ եմ սովորել Վահրամ Խորխոռունուց։ Նրա կերպարը երբեմն միանշանակ չէր ընկալվում հասարակության կողմից, բայց մի բան հաստատ է՝ նա հմուտ պրոֆեսիոնալ էր։ Օպերատիվ աշխատանքի փորձը ինձ օգնեց հետագայում՝ ռազմադիվանագիտական գործունեության մեջ։ [b]-Իսկ ես ցանկանում էի հարցնել՝ շատ կտրուկ անցում չէ՞ր. օպերատիվ աշխատողից դիվանագիտական գործունեության։[/b] -Անկեղծ ասած, այդ անցումը իմ նախաձեռնությամբ չէր, բայց իմ սրտով էր։ Ղեկավարությունը որոշեց, որ հենց ես պիտի գնամ ուսանելու ռազմադիվանագիտական ակադեմիայում։ Բնականաբար, այդ որոշումը պատահական չէր։ Ես մոտ տասը տարի ներկայացրել եմ Հայաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ում, հետո ղեկավարել եմ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչությունը։ Դուք զրույցի սկզբում նշեցիք, որ մեր հասարակության մեջ պաշտոններն անձնավորվում են, եւ պետական կառույցի աշխատանքը պայմանավորվում է դրա ղեկավարի մարդկային հատկանիշներով եւ ունակություններով։ Մենք պիտի ձեւավորենք այնպիսի համակարգ, որտեղ սուբյեկտիվիզմի գործոնը կմղվի հետին պլան, եւ համակարգը ինքը կթելադրի գործելաոճ եւ սկզբունքներ։ Պրոտեկցիոնիզմը բնորոշ է բոլոր երկրներին՝ տարբեր չափի դրսեւորումներով։ Այն նվազեցնելու միակ ճանապարհը բիզնես-աշխատաոճի եւ բիզնես-հոգեբանության ներդրումն է համակարգում։ Հասարակությունն այսօր պահանջում է, որ իր վճարած հարկերի հաշվին ձեւավորված բյուջեն իրացնող կառույցը աշխատի առավելագույն արդյունավետությամբ։ Կառույցի ղեկավարներին ներկայացված են հստակ պահանջներ։ Ղեկավարը այդ պահանջները չի կարող բավարարել թույլ կադրերով եւ կձախողվի։ Պարզապես պիտի ղեկավարն այլընտրանք չունենա, պիտի ստիպված լինի տեղ տալ պրոֆեսիոնալներին, ունակներին, աշխատասերներին։ [b]-Պարոն Տոնոյան, հասցրե՞լ է պաշտոնն ինչ-որ բան փոխել Ձեր բնավորության մեջ՝ բացասական կամ դրական։[/b] [url=https://www.facebook.com/gayane.poghosyan.9?hc_ref=ARTsytjI-79N7Mh5ZYjP4i22yQ6MisXvpulORJRbHnzYiZiX8cLhwClWSL-1-LFhX60]Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի[/url]

Նմանատիպ նյութեր