211652_close_icon
views-count6784 դիտում article-date 14:56 14-05-2018

ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում տալու

Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին կայցելի Շիրակի պետական համալսարան՝ այնտեղ առաջացած խնդիրներին լուծում տալու համար, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը: «Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարան: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-գրել է Հարությունյանը: Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-ին, երբ պարզ է դարձել, որ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին, Հովհաննես Խորիկյանին: Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումներն ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից օրերս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Նմանատիպ նյութեր