Սալահը ՉԼ-ի եզրափակչից առաջ չի պահպանում Ռամադանը
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ չի պահպանում Ռամադանը, հայտնել է ակումբի ֆիզիոթերապևտ Ռուբեն Պոնսը:
«Երբ մենք Մարբելյոյում հավաքների էինք, Սալահը պահպանում էր պահքը: Սակայն ուրբաթ օրը և խաղի օրը նա դա չի անելու, այնպես որ պահքը չի ազդի նրա վրա», նշել է Պոնսը:
Նախապես Սալահը մտադիր էր Ռամադանը պահպանել ամբողջությամբ, սակայն այնուհետև բացառություն արեց: Ընդ որում, եզրափակչից հետո նա կվերականգնի պահքը:
Մահմեդական սուրբ Ռամադան ամիսը տևում է 29 օր, այս տարի այն շարունակվում է մայիսի 16-ից մինչև հունիսի 14-ը: Ավանդության համաձայն, այդ ընթացքում ցերեկային ժամերին չի կարելի ուտել և խմել: Ընդ որում, ճանապարհին գտնվող ճամփորդների կամ տնից հեռու գտնվողների համար իսլամում բացառություններ են նախատեսված:
Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը Կիևում կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: