211652_close_icon
views-count8821 դիտում article-date 11:44 08-06-2018

Իշխանությունը գլխապտույտ է առաջացնում, և իրականության զգացումը կորցնելու վտանգը շատ մեծ է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ՀՀԿ անունով կուսակցություն խորհրդարանի մաս չի կազմի, և ուրեմն պետք չէ ճիգեր գործադրել գոյություն չունեցող կուսակցության դեմ պայքարելու համար: Կոմկուսը, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, երբ իշխանություն էին, ամենևին էլ կուսակցություններ չէին՝ նրանք «նաչալնիկների», նոմենկլատուրայի և կարիերիստների խմբեր էին, իսկ իշխանությունը կորցնելուց հետո աստիճանաբար դարձել են «գեղի կլուբներ»: Եվ պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո մարդիկ այդ խմբերից փախչում էին ու միանում էին հաջորդ իշխանական խմբին: Այնպես որ, վտանգն ամենևին ՀՀԿ-ի վերադարձի մեջ չէ՝ այդպիսի տարբերակ, վստահ եմ, չկա: Վտանգն ավելի սարսափելի է՝ այն ուժը, որն ընտրություններից հետո կստանձնի իշխանությունը՝ լինի դա «Քաղաքացիական պայմանագիրը», թե ԲՀԿ-ն, իր գործելաոճով և գործառույթներով հանկարծ չդառնա «նոր ՀՀԿ» («նոր Կոմկուս» կամ «նոր ՀՀՇ»): Այս պահին նման դրսևորումներ գրեթե չկան: Բայց ես շատ վաղուց եմ աշխատում որպես լրագրող և կարող եմ ձեզ վստահեցնել, որ 1990-1991 թվականներին նույնպես նման դրսևորումներ չկային: Իշխանության եկած ՀՀՇ-ն, օրինակ, մտադրություն ուներ բացել ժողովրդի համար Կենտկոմի (ներկայիս ԱԺ-ի) առջևի այգին, ինչպես նաև Պռոշյանի կառավարական ամառանոցները, և ես այդ երկու «մտադրությունների» մասին ռեպորտաժներ էի սարքել՝ նույնիսկ «Կենտկոմի այգի» էի հրավիրել մանկասայլակներով մայրիկներին՝ ցույց տալու համար, որ այդ հեղափոխական քայլն արդեն կատարված է: Բայց հետո դա տեղի չունեցավ՝ ՀՀՇ-ականները «հավեսի էին ընկել», զգացել էին իշխանության քաղցրությունը և քիչ անց սկսեցին իրենց դրսևորել ճիշտ այն ձևով, ինչպես դրսևորվում էին կոմունիստական «նաչալնիկները»՝ նույն մեծամտությամբ, նույն կոպտությամբ, անսխալականության նույն բարդույթով: Ինչո՞ւ եմ ես ասում, որ դրա կրկնվելու հնարավորությունը կա: Որովհետև ոչ կոմունիստները, ոչ ՀՀՇ-ականները, ոչ էլ ՀՀԿ-ականները չեն ընդունում, որ նրանք այդպիսիք էին, ինչպես որ ես եմ նկարագրում՝ նրանք անկեղծորեն համոզված են, որ ազնվորեն և համեստորեն ծառայում էին Հայաստանի Հանրապետությանը: Հետևաբար նրանք չեն զգացել, թե ինչպես են վերափոխվել և ինչպես են ընկալվել հասարակության կողմից: Իշխանությունը գլխապտույտ է առաջացնում, և որոշակի պահի իրականության զգացումը կորցնելու վտանգը շատ մեծ է: Իսկ ինչու եմ ես ասում, որ այս պահին նման դրսևորումներ գրեթե չկան: Որովհետև հիմա էլ երբեմն լսում եմ իշխանությանը համակրող շրջանակներից՝ «լավ են արել, աչքն էլ հանել են, դու ձայնդ կտրիր, ա՛յ ռևանշիստ-հակահեղափոխական»: Այդ մոտեցումը դեռևս «պաշտոնական ձևակերպում» չի ստանում: Հուսով եմ՝ երբեք չի ստանա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր