211652_close_icon
views-count6268 դիտում article-date 23:06 20-06-2018

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հանձնակատար Ավրամոպուլոսը վերահաստատեց համատեղ աշխատելու հանձնառությունը՝ իր պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերի շուրջ առավել զգալի արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձավ վերոհիշյալ համաձայնագրերի իրագործման գործում ԵՄ անդամ պետությունների դերակատարությանը և ներկայացրեց Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։ Զրուցակիցներն ընդգծեցին Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ ԱԳ նախարարը կարևորեց ԵՄ և անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, ինչը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման և ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։ Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր