211652_close_icon
views-count4792 դիտում article-date 17:00 25-06-2018

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երևան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների

Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու համար Երեւան կայցելեն ավելի քան 200 զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Փառատոնի կազմակերպիչները մեծ աշխատանք են կատարել մշակութային եւ նրա մաս կազմող համերգային տուրիզմով հետաքրքրվողներին Հայաստան ներգրավելու ուղղությամբ։ Այդ նպատակով տարբեր երկրների դասական երաժշտության սիրահարների շրջանում ներկայացվել են ինչպես «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, հռչակավոր մենակատարները, համերգային ծրագրերը, այնպես էլ՝ Հայաստանը, մայրաքաղաք Երեւանը։ Նշենք, որ մշակութային եւ համերգային տուրիզմը մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհում։ Հայտնի է, որ մշակութային, հատկապես դասական համերգային տուրիզմով հետաքրքրվողները հանրության առավել ինտելեկտուալ հատվածն են։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը ոչ միայն կայցելեն համերգային երեկոներին, այլեւ կծանոթանան Երեւանի ու Հայաստանի տեսարժան վայրերին, պատմամշակութային առանձնահատկություններին՝ համերգային տպավորություններից բացի, իրենց հետ տանելով մի մասնիկ Հայաստանից։ Սա նոր ուղղություն է հայաստանյան համերգային գործունեության մեջ եւ մեծ հեռանկար ունի, ինչի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տարվելու են։ Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհում հայտնի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիրներ՝ դաշնակահար Դենիս Կոժուխինը, ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), ով 2005 թվականից ի վեր ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաեւ ջութակահար Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան և դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան, ով մեծ ձեռքբերումներ ունի նաեւ գրականության ասպարեզում. նա հայտնի է նաեւ 2008 թվականին գրած իր «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գրքով, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Փառատոնի համերգային ծրագրերն ինքնատիպ կառուցվածք ունեն. բոլոր համերգները մեկնարկելու են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ ներառելով ինչպես 20-րդ դարի կոմպոզիտորների՝ Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ մեր ժամանակակիցների՝ Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի և Վարդան Աճեմյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Հնչելու են նաեւ համաշխարհային դասական երաժշտության լավագույն հեղինակների՝ Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, եւ այլ հեղինակների գործեր։ Նշենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ [b] Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր