211652_close_icon
views-count8758 դիտում article-date 18:12 27-06-2018

Հայկ Դեմոյանը փորձում է շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի. Արայիկ Հարությունյան

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: ՀՀ կրթության և գիտության նախարարը իր հերթին պնդում է, որ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում որևէ պաշտոն չունի, և դա նրա աշխատասենյակը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկ Դեմոյանը նաև «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած ընդարձակ գրառմամբ նշել էր, որ Արայիկ Հարությունյանի հետ եղել է նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր բացի աշխատասենյակ ներխուժելը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատակիցների մոտ նաև լուրեր են տարածել, թե Դեմոյանի մուտքն այսուհետ արգելված է այդ վարչական շենք: Լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԿԳ նախարարն այս ամենին ի պատասխան, նշեց, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել, որ ՀՑԹԻ-ի ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ: Հարությունյանն ընդգծեց, որ Հայկ Դեմոյանն արդեն տևական ժամանակ է ոչ մի պաշտոն չունի Հայոց ցեղասպանության թանգարան իսնտիտուտում և անօրինական է նրա այնտեղ գտնվելը: Հարցին, թե կա՞ն արդյոք իրավական խնդիրներ Դեմոյանի՝ աշխատանքից ազատման հետ կապված, նախարարն ընդգծեց, որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալուց հետո Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավար կարող է նշանակել կառավարությունը: «Այդ ամենի արդյունքում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Վարդանյանը: Նա, իհարկե, հրաժարականի դիմում է ներկայացրել և չի եկել աշխատանքի, բայց սա մեկ այլ խնդիր է, ինչի վերաբերյալ նույնպես ես այսօր արդեն դիմելու եմ իրավապահներին: Վարդանյանի հետ մենք խոսել ենք, և նա նշել է, որ իր վրա ճնշումներ է գործադրել Հայկ Դեմոյանը՝ հրաժարական ներկայացնելու համար»,- ասաց Հարությունյանը: Նա նկատեց, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Հայկ Դեմոյանը մեկնել է Հայաստանից և սկզբում կառույցի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետև 2018 թվականի հունիս ամսին Դեմոյանը վերադարձել է և զավթել է տնօրենի սենյակը: Երեկ ես նաև տեղեկացա, որ նա տիրացել է տնօրենի մեքենային: Այն ժամանակ, մենք, հաշվի առնելով, որ դա թանգարան-ինստիտուտ է, և, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի այդ կառույցի շուրջ՝ Հայկ Դեմոյանին պարզապես զգուշացրել ենք, որ այն ինչ նա անում է, հակաօրինական է: Նախարարությունն ու իշխանությունը բոլոր իրավունքներն ունեն դիմելու իրավապահներին, որպեսզի հակաիրավական գործողություններին վերջ տրվի»,- ընդգծեց նախարարը: Նա շեշտեց, որ ինքը, լինելով կրթության և գիտության նախարար, կարող է և իրավունք ունի գնալու ցանկացած վայր, որի հիմնադիրն է պետությունն ու իրենց գերատեսչությունը: Հարությունյանը, հունիսի 26-ին գնալով ՀՑԹԻ, հադիպել է կառույցի փոխտնօրեններին ու խոսել իրենց մոտ առկա խնդիրների մասին: «Հայկ Դեմոյանը իր «Ֆեյսբուքի էջում նաև գրել էր, որ իրենց կառույցում կան բազմաթիվ խնդիրներ: Ես խոսել եմ թանգարան-ինստիտուտի բոլոր փոխտնօրենների հետ, և ոչ ոք չի բողոքել ոչ մի խնդրից: Բացի այս ամենը, մենք երեկ հավաքել ենք նաև անձնակազմին և նույն հարցը ուղղել նաև նրանց ու կրկին ոչ մի խնդրի մասին չի խոսվել: Հաշվապահն է ասել, որ փոխանցումների հետ կապված խնդիր կա, և մենք ասել ենք, որ առաջիկա օրերին այդ հարցը լուծում կստանա: Այն ապոկալիպտիկ իրավիճակը, որ ներկայացվել է ՀՑԹԻ-ի շուրջ՝ չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Հարությունյանը: ՀՀ ԿԳ նախարարն ասաց, որ Դեմոյանը փորձում է այդ ամեն ինչից շոուներ սարքել, սակայն իր մոտ ոչինչ չի ստացվի: Հարցին, թե ինչու մինչ այսօր իրենք չեն հանդիպել Հայկ Դեմոյանի հետ, քանի որ նա բազմիցս դիմել է այդ հարցով՝ նախարարն ընդգծեց, որ այդ անձնավորության հետ իրենք խոսելու ոչինչ չունեն: Կրթության և գիտության նախարարությունը որոշել է, որ առաջիկայում կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կորոշվի ՀՑԹԻ-ի տնօրենի ընտրման օրը, և հենց այդ ժամանակ էլ կընտրվի ղեկավարը: Մոտ 30 օրվա ընթացքում ցանկացողները կարող են դիմել ՀՑԹԻ-ի տնօրեն նշանակվելու համար: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է: Մի փոքր նախապատմություն. Հարվարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց հետո, վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում էի կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իմ կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ կառավարության որոշումների արդյունքում իմ խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար: Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար: Այս երկու սուբյեկտներին պարբերաբար գրավոր տեղեկացրել եմ թանգարանում իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների, թանգարանի ու հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը խաթարելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և ԿԳՆ կողմից անցյալ տարի կայացրած անօրինական որոշումների պահով: Այստեղ հետաքրքիր հարց է առաջանում. ինչու՞ նորանշանակ կրթության և գիտության նախարարն ու իր տեղակալը հետևողականորեն պաշտպանում են նախորդ կառավարության անօրինական որոշումնները հենց թանգարանի և իմ կարգավիճակի պահով: Ենթադրում եմ, որ վերջիններս կարծում են, թե ես տեղյակ չեմ այդ դիրքորոշման ակունքներին, ուստի չեմ կարող հանրայնացնել դրա դրդապատճառների մասին ու փաստեր հրապարակել: Իսկ դրանք աննախադեպ ցնցող ու խայտառակ են իրենց բնույթով… Այս պահին արդեն կարող ենք արձանագրել, որ հռչակված «զրո հովանավորչության» և «զրո կոռուպցիայի» դարպասներին գրանցվել է մեկական գեղեցիկ ինքնագոլ՝ ԿԳՆ կատարմամբ: Իսկ որ նման պահվածքն ու դիրքորոշումը սերտորեն կապված է քաղաքական բնույթի հետապնդման հետ, այստեղ ինչպես ասում են, կենացները շատ են թանկանալու: Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք, այնպես որ լավ նախապատրաստվեք: Հաշվի առնելով բացահայտումների ու հանրությանը ներկայացվելիք մանրամասնությունների ամոթալի ու խայտառակ բնույթը, ձեր փոխարեն կմտածեի հնարավորինս շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: Միաժամանակ, մինչ իմ վերադառնալը մի քանի տնային հանձնարարություններ ունեմ ձեզ համար. Հովհաննես, նախքան չինովնիկական պատյանի մեջ մտնելն ու հղկված չինովնիկական տեքստեր արտաբերելը, լավ կլիներ ուշադրություն դարձնեիր փնթի կազմված կենսագրականիդ, որը զետեղված է ԿԳՆ պաշտոնական կայքէջում: Սա ի՞նչ է, նոր մոտեցում գիտական հրապարակումները կրկնապատկելու առումով: Անթույլատրելի է նման փնթիությունը քո պարագայում: Միաժամանակ որպես քեզանից տարիքով ավագ և գիտական աստիճանով բարձր անձ, պահանջում եմ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»: Կրկնում եմ, առնվազն 41 հրապարակում և բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն ԳԻՏԱԿԱՆ հոդվածներ: Այստեղ զոքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրված ոչինչ չի անցում, տեղյակ ես, չէ՞… Փարատիր իմ կասկածներն առ այն, որ միտումնավոր կեղծ տվյալներ ես մատուցել բոլորիս.. Հաջորդ գրառմամբ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ կետերով մեղադրանքներ են կազմվելու Կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ, որոնք վստահաբար կկազմեն ձեր կենսագրականների անբաժանելի մասը: Արայի´կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնանան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դեպ նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ... Հընթացս չէր խանգարի, որպեսզի ուշադրություն դարձնեիր անկատար հայերենիդ, քանզի գրական հայերենով ոչ մի ավարտուն միտք առայժմ չես արտաբերել… Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք…. Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին: Հա մի բան էլ ասեմ. «լայվը» այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի….

Նմանատիպ նյութեր