211652_close_icon
views-count3807 դիտում article-date 10:30 04-07-2018

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և հասարակական նոր իրողությունները թույլ են տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաև մեր հարաբերությունները: Մենք պատրաստակամ ենք անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման նպատակով, ինչի համար ամուր հիմք են ընդհանուր արժեհամակարգը, արմատավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը: Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման և բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբևէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար: Չափազանց կարևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Գոհունակությամբ պետք է նշեմ նաև ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքի առանձնահատուկ դերը, որն իր գործուն կառույցներով և անվերապահ նվիրվածությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը ամուր կերպով շաղախում է մեր երկրների բարեկամությունը»:

Նմանատիպ նյութեր