55367 դիտում
19:10 20-07-2018
Արտակարգ գողության դեպք Արագածոտնի մարզում. մասնակիցների մեջ են անչափահասներ
Երեկ՝ հուլիսի 19-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ Արագածոտնի մարզի բնակիչներ, անչափահասներ, 15-ամյա Արման Բ.-ն, 16-ամյա Սերյոժա Գ.-ն հուլիսի 19-ին, գիշերը ժամը 01։00-ից մինչև 07։00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են իրենց գյուղի ծայրամասում գտնվող 54-ամյա Աշոտ Ալեքսանյանին պատկանող մրգի սառնարանի մուտքի դռան կախովի փականը և այնտեղից գողացել 7 արկղ սալոր և 110 արկղ կեռաս, որից հետո գողոնը թաքցրել են նույն գյուղի բնակիչ Գոռ Մ.-ին պատկանող մրգի սառնարանում, որի մասին Գոռ Մ.-ն չի իմացել։
Պարզվել է նաև, որ նշված գողությանը մասնակցել են համագյուղացիներ՝ եղբայրներ 19-ամյա Հայկ Բարեղամյանը, 22-ամյա Ժիրայր Բարեղամյանն ու 18-ամյա Սարգիս Ալեքսանյանը։
Վերջիններս հրավիրվել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն են տվել և բաց են թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ողջ գողոնը։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: