Ցանկանում եմ ձեզ համբերություն և անկոտրում կամք. ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղերձը՝ դպրոցական երեխաներ ունեցող դատապարտյալներին
Քրեակատարողական ծառայության հարգելի աշխատակիցներ,
Հայը դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից դպրության աստված է ունեցել, ինչն անժխտելիորեն փաստում է այն մասին, որ մեզ համար գիտելիքը եղել և մնալու է այն միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը, որը դառնում է ազգային նկարագիրը պահելու գրավականը: Գիտելիքը մեր ժողովրդի դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդին՝ վերաարժևորելով և ամրապնդելով հասարակական գիտակցությունը:
Շնորհավորում եմ ձեզ և ձեր երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ այսօր չկա մի մարդ, որ աղերս չունենա այս տոնի հետ: Տոնական այս խանդավառությունը թող ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում, և թող ձեռքբերված գիտելիքներն օգնեն ձեր զավակներին, թոռներին, զարմիկ-զարմուհիներին բարձրանալու գիտելիքների ևս մեկ հաղթական աստիճան: Այս տոնն առանձնահատուկ ու խորհրդանշական է ապագայի կերտման ճշմարիտ ուղու համար:
Շնորհավորանքներս եմ հղում նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մեր այն քաղաքացիներին, ինչպես նաև նրանց երեխաներին, ում համար սեպտեմբերի մեկը հպանցիկ տոն չէ. ցանկանում եմ ձեզ համբերություն և անկոտրում կամք:
Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին, դասախոսներին և, առհասարակ, կրթության գործընթացի բոլոր ներկայացուցիչներին, նրանց, ովքեր իրենց քրտնաջան և նվիրյալ աշխատանքով նպաստում են դպրոցաշինությանը և խթանում են հայապահպանությունը, ազգային արժեքների փոխանցումը և հայրենիքի համար կերտում են արժանի զավակներ:
Մաղթում եմ բոլորիդ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ,
արդարադատության գնդապետ
ԱՐՏՅՈՄ ՄԽՈՅԱՆ [/b]