211652_close_icon
views-count6690 դիտում article-date 18:01 01-09-2018

Արթուր Աղաբեկյան. Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, ըստ որի, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար: Այս առթիվ Ա. Աղաբեկյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների եւ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։ Թե բարեգործական, թե ռազմահայրենասիրական եւ թե մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ եւ գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրության շրջանակներում։ Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձեւավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին) , և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին եւ համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ եւ Մարտիկ հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս եւ բարեկամներիս», նշել է Ա. Աղաբեկյանը:

Նմանատիպ նյութեր