2941 դիտում
08:55 20-09-2018
ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանի հետ առավել սերտ համագործակցություն է ակնկալում. «Ամերիկայի ձայն»
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա», - ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը կրկնակի հպարտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնարավորություն ունի աջակցել պատմական հայրենիքի զարգացմանը: Կորպորացիայի նպատակն է օգնել ժողովրդավարության ճանապարհն ընտրած երկրներին ամերիկյան մասնավոր ներդրումներ ներգրավել: Ներդրումներ, որոնց մեջ Հայաստանի պետությունը մեծապես հետաքրքրված է, նշում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.
«Մեզ համար կարևոր է հասկանալ, թե Հայաստանի նման սահմանափակ պաշարներ ունեցող փոքր երկիրն ինչ կարող է առաջարկել Միացյալ Նահանգների հսկա տնտեսությանը»:
Դեյվիդ Բոհիգյանն, ով նոր էր վերադարձել Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային այցից նշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանն այլ երկրների շարքում առանձնանում է անկրկնելի եռանդով.
«Երբ կանգնած էի Երևանի Հանրապետության հրապարակում, պետք է խոստովանեմ՝ գիտակցեցի, որ աշխարհում նման հսկայական էներգիա ունեցող վայր չկա: Ես 50 երկրներում եմ եղել, սակայն ոչ մի տեղ, նույնիսկ Նյու Յորքի Թայմս Սքվերում չկա այդ էներգիան: Լավատեսությունն իրապես շոշափելի է այնտեղ»:
Բոհիգյանի խոսքով, մասնավոր ներդրողները Հայաստանի նոր իշխանություններից երկու կարևոր քայլ են ակնկալում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակում և դրա համար համապատասխան օրենսդրության ընդունում և հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարություն, որն արդեն հանդես կգա տնտեսական երկարաժամկետ ծրագրով.
«Ես տեսնում եմ Հայաստանի ներկա կառավարության այդ էներգիան՝ բարեփոխումների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման պատրաստակամությունը»:
Նշված բարեփոխումներից հետո մարդկային փայլուն ներուժ ունեցող Հայաստանը կարող է դառնալ արտերկրյա ներդրումների համար առավել գրավիչ երկրներից մեկը, համոզված է ամերիկյան պաշտոնյան.
«Այսօր աշխարհը հետևում է Հայաստանին և Հայաստանը կարող է այդ ուշադրությունը ներդրումների վերածել»:
Դեյվիդ Բոհիգյանն ավելացնում է, որ նախորդ անգամ Հայաստան էր այցելել 10 տարի առաջ՝ 2008-ին: Տարբերությունն իր խոսքով հսկայական է՝ այսօրվա Հայաստանն ապագային ուղղված, ժողովրդավարության ուղի ընդունած երկիր է, որի բնակչության էներգիան և լավատեսությունը պարզապես տպավորիչ են:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4578698.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
10:42 13-05-2017
Հայերի երկու երրորդը անհրաժեշտ է համարում սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ. հարցում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում