211652_close_icon
views-count4522 դիտում article-date 10:42 13-05-2017

Հայերի երկու երրորդը անհրաժեշտ է համարում սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ. հարցում. «Ամերիկայի ձայն»

Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարևորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման [url=http://assets.pewresearch.org/wp-content/uploads/sites/11/2017/05/10104119/CEUP-FULL-REPORT.pdf]արդյունքները[/url]: Հարցման համաձայն, Հայաստանն առաջին տեղում է Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներից, որի բնակչությունն ասել է, որ քրիստոնեությունը ազգային բնորոշման կարևոր մաս է կազմում: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Վրաստանն ու Սերբիան: Մոլդովան, Հունաստանն ու Հայաստանը նաև Եվրասիայի առավել հավատացյալ երկրներն են: Այստեղ իրենց քրիստոնյա են համարում բնակչության 90 տոկոսը: Հատկանշական է սակայն, որ հույների և մոլդովացիների կարծիքով, 1970-ականների համեմատ իրենց հասարակություններում հավատացյալների թիվը նվազել է, մինչդեռ հայերի մեծ մասը համոզված է, որ վերջին չորս տասնամյակներում Հայաստանի բնակչությունն ավելի հավատացյալ է դարձել: «Արդյոք հավատում եք դուք Աստծուն» ուղիղ հարցին «այո» է պատասխանել վրացիների 99 տոկոսը, հայերի, մոլդովացիների և ռումինացիների 95 տոկոսը: Առավել քիչ են Աստծուն հավատում Չեխիայում, որտեղ Աստծուն հավատում է բնակչության մեկ երրորդը: Մոլդովայում, Հայաստանում և Ռումինիայում յուրաքանչյուր երկրորդը ամեն օր աղոթում է, մինչդեռ Ռուսաստանում և Հունգարիայում յուրաքանչյուր օր աղոթում է միայն վեց հոգուց մեկը: Հատկանշական է սակայն, որ իրենց առավել հավատացյալ համարող սերբերի ընդամենը 6, իսկ հայերի ընդամենը 9 տոկոսն է եկեղեցի այցելում յուրաքանչյուր շաբաթ, մինչդեռ Բոսնիայում, Լեհաստանում և Ուկրաինայում ամեն շաբաթ եկեղեցի է այցելում հարցվածների կեսը: Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում իրենց մշակույթը բոլոր մյուսների մշակույթից առավել բարձր են դասում Հունաստանում, Վրաստանում և Հայաստանում: Առավել համեստ են սեփական մշակույթը գնահատում Էստոնիայում, որի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ էստոնական մշակույթն աշխարհում լավագույնն է: Հատկանշական է նաև Ռուսաստանի և խորհրդային անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն աշխարհով մեկ քրիստոնյաների պաշտպանն է, մինչդեռ հենց Ռուսաստանում նման կարծիքի է հարցվածների 72 տոկոսը միայն: Հայաստանն առաջին տեղում է նաև ԽՍՀՄ-ի կողմնակիցների թվում: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Խորհրդային Միության տապալումը բացասական երևույթ էր, մինչդեռ Ռուսաստանում այդպես է կարծում բնակչության 69 տոկոսը, Բելառուսում՝ 54 տոկոսը, Վրաստանում 42 տոկոսը, իսկ Էստոնիայում 15 տոկոսը միայն: Հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 38 տոկոսը նաև դրական է գնահատում Ստալինի դերը: Խորհրդային Միության կարոտով ապրող հարցված հայերի երկու երրորդը սակայն համարում է, որ անհրաժեշտ է սերտ համագործակցել Արևմուտքի և մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին ժողովրդավարական համակարգի կողմնակից են: Համեմատության համար, ժողովրդավարության կողմնակից են նաև վրացիների և ռումինացիների կեսից ավելին, մինչդեռ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում ժողովրդավարական համակարգի կողմնակից է բնակչության ընդամենը մեկ երրորդը: Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3850017.html]«Ամերիկայի ձայն»[/url]

Նմանատիպ նյութեր