51139 դիտում
19:24 26-09-2018
Արաբկիրի ոստիկանները հերթական բացահայտումն են արել. հայտնաբերել են հայ կնոջը, ով Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու անվան տակ ստացել է անձնագիր ու մի քանի անգամ հատել Հայաստանի պետական սահմանը
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 61-ամյա Զարուհի Անտոնյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանությունում ստացած օպերատիվ տվյալներով պարզվել է, որ իրենց մոտ ստացված տեղեկությունը հավաստի է եղել ու ճշտվել է, որ 1996 թ.-ին Զ. Անտոնյանը Հայաստանից մեկնել է Գերմանիա, որտեղ միգրացիոն ծառայությանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող խեղաթյուրված տեղեկություններ:
Այն է ՝ Զ. Անտոնյանի փոխարեն նա ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի՝ Բաքու քաղաքում ծնված, 56-ամյա Լարիսա Գենադիևնա Մինասյան անվամբ Գերմանիայի քաղաքացու անձնագիր:
Արդեն ինքնությունը փոխած Զ. Անտոնյանը կեղծ անձնագիրը օգտագործելով, 2010 թ.-ին, 2107 թ.-ի սեպտեմբերի 21-ին և այս տարվա սեպտեմբերի 16-ին կեղծ անձնագրով հատել է Հայաստանի պետական սահմանը:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ. Անտոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: