Սարգիս Գոքորյանն արժանացել է «Կյանքի գրականություն- 2018» ոսկե մրցանակին և Լոռու մարզպետի շնորհավորագրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Դիլիջանի շնորհանդեսներից հետո «Տանը մնացած» գիրքը ներկայացվել է վերջին կանգառում՝ Ստեփանավան քաղաքում:
Շնորհանդեսը տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում: Ելույթներով հանդես են եկել մշակույթի պալատի տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանը, Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը և գրքի հեղինակ Սարգիս Գոքորյանը:
Միջոցառումը մշակույթի պալատի և գրքի հեղինակի կողմից նվիրվել է Ֆրանկոֆոնիայի օրերին հայաստանում: Հնչել են Շառլ Ազնավուրի երգերը, պարային կատարումով հանդես են եկել «Անի» պարային համույթի սաները: Շնորհանդեսն ուղեկցվել է թեյախմությամբ:
«Տանը մնացած» գրքի հեղինակ Սարգիս Գոքորյանն արժանացել է Համահայկական գրողների միության «ոսկե մրցանակ 2018»-ին, որը տրվում է արձակի համար և այս տարի կրում էր «Կյանքի գրականություն» անվանումը:
Հեղինակն արժանացել է նաև Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորագրին, որում Ղուկասյանն ընդգծել է, որ Սարգիս Գոքորյանը տարիներ շարունակ աչքի է ընկնում ոչ միայն իր արձակով, նաև լրագրողական անաչառ և համակողմանի աշխատանքով: