211652_close_icon
views-count3562 դիտում article-date 19:05 21-10-2018

Առաջին անգամ Երևանում անցկացվեց լիարժեք մարաթոնյան վազք՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին

Մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված է եղել երեխաների համար: Մարաթոնին մասնակցել են ինչպես անհատներ, այնպես էլ տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, սպորտային ակումբներ: Առանձին վազք է կազմակերպվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Վազքուղին սկսվել է Շահումյան հրապարակից, անցել է Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով, այնուհետև շարունակվել դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, ապա՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկինի փողոցներով եզրափակվել մեկնարկային վերջնագծում: Ի դեպ, վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: Հատկանշական է, որ մասնակցության համար սահմանված վճարների հավաքված գումարի մեծ մասն ուղղվելու է բարեգործական նպատակների: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մարաթոնին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 2500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ աշխարհի ավելի քան 30 երկրից: Մրցավազքի առաջին երեք տեղն զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների և պարգևատրվել: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ՝ «Ամենամեծ մասնակից թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ» և «Ամենալավ աջակցողներն ունեցող թիմ» անվանակարգերում:

Նմանատիպ նյութեր