211652_close_icon
views-count1707 դիտում article-date 20:19 30-10-2018

Համակարգը ապահովում է սպառողների կայուն ջրամատակարարումը եւ ուժեր կուտակում հաջորդ տարի ավելի զգալի առաջընթաց ապահովելու համար. Վեոլիա Ջուր

Վեոլիայի կարգավարականում «զարկերակը» բաբախում է համաչափ ու հանգիստ: Քաղաք Աշտարակ, Արարատյան 70: Այս հասցեն լավ հայտնի է Աշտարակում՝ որպես Վեոլիա Ջրի շահագործման ու առեւտրային ծառայությունների աշխատավայր: Բայց անգամ տեղացիներից քչերը գիտեն, որ այստեղ գործում է նաեւ ընկերության Կառավարման կենտրոնը՝ որտեղից «երեւում է» ողջ համակարգն ու զգացվում, թե ինչպես է խփում ջրամատակարարման զարկերակը ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում: Այն ձեւավորվել եւ գործում է 2017թ. ապրիլից, նախկին Երեւան ջրի եւ Հայջրմուղկոյուղու կարգավարական ծառայությունների միավորման արդյունքում արդեն որպես Վեոլիա Ջրի կենտրոնական կարգավարական խումբ: Ընդհանուր թվով 13 աշխատակիցներ 7/24/365 ձեւաչափով այստեղ ստանում են տեղեկատվության համակարգի 588 կետերից, իսկ հակառակ ուղղությամբ տալիս են համապատասխան հրահանգներ՝ ինժեներական կառույցների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Մեր ծորակներից հոսող ջրի շարունակականությունը, դրա ճնշումը, քլորացման աստիճանը ու շատ այլ հանգամանքներ նաեւ կախված են այստեղի աշխատողների մասնագիտական կարողություններից ու պատասխանատվությունից: Սա «էն»՝ դեռ խորհրդային ֆիլմերից հայտնի դիսպետչերականը չէ, որտեղ բոլորը բարձրաձայն ինչ-որ բաներ էին քննարկում ու թվացյալ դարակազմիկ որոշումներ ընդունում: Այսօրվա կարգավարներից պահանջվում է վերլուծելու ու օպտիմալ որոշումներ կայացնելու ունակություն: Ինչպես նաեւ ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների իմացություն: Կարգավարների ղեկավար Սարգիս Գրիգորյանը համակարգի «հնաբանակներից է»: Նրան միշտ չէ, որ մոնիտորներից պետք է տեղեկանալ իրավիճակի փոփոխության մասին: Ինչպես ասում են՝ փակ աչքերով էլ գիտի, թե որտեղ ինչ կարող է պատահել, որոնք են խոցելի կետերը եւ որ իրավիճակում ինչպիսի որոշում պետք է ընդունել: Երկու կարգավար այստեղ մշտապես (օրական 15-20 անգամ) վերահսկում են իրավիճակն ու պատահարների մասին զեկուցում ավագ մասնագետին, մեկ օպերատոր էլ գրանցում է ստացվող տեղեկատվությունը՝ հետագա վերլուծության համար: Նաեւ գիշերները հնչող ահազանգերն են գրանցվում կարգավարականում՝ զգալիորեն որոշելով համակարգի 2900 աշխատակիցների հաջորդ օրվա անելիքը: Կարգավարները հետեւում են պոմպերի, մայրուղային ջրատարների, ճնշումային լոգերների, օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրաչափական սարքերի աշխատանքին, բաշխիչ ցանցում քլորի համապատասխանությանը նորմատիվներին: Նրանց օգնում է էլեկտրոնիկան. էկրաններին իրար են հաջորդում բոլոր ինժեներական կառույցները: Ընդ որում ոչ միայն տվյալներն են ինքնաշխատ եղանակով գրվում, այլեւ դրանք ցուցադրվում են, ինչպես օրինակ, ջրամբարների լցվածությունը: Փաստորեն, կարգավարներին մնում է միայն զգոն լինել ու անհրաժշտության դեպքում ճիշտ որոշում կայացնել: Իր հերթին մշտապես «զգոն է» իրավիճակը վերահսկող համակարգչային ծրագիրը: Չափանիշների թույլատրելի սահմանները հատելու դեպքում, երբ ցուցանիշի սինուսոիդը անցնում է «կարմիր գիծը», անմիջապես հնչում է ձայնային ազդանշան՝ «ալարմ», ու կարգավարը միջամտում է իրավիճակին: Նախկին Երեւան Ջրի համակարգում հեռատեղեկատվության խնդիրը մեծամասամբ լուծված է: «Լոկատոր» ծրագրի օգնությամբ ինժեներական կառույցներից 5 րոպեն մեկ ստացվում են տվյալներ, իսկ հակառակ ուղղությամբ գնում են հրահանգներ՝ օպերատորներին: Ավելին, ներդրվող SCADA ծրագրի օգնությամբ սկսվել է նաեւ հեռակառավարում իրականացվել: Օրինակ, այստեղից ոչ միայն «տեսնում» են քլորացումը Արզնիի, Արզականի, Ապարանի, Կաթնաղբյուրի խոշոր աղբյուրներում, այլեւ հեռակառավարմամբ միջամտում են իրավիճակին: Իսկ ահա Արարատյանում, Գառնիում ու մի քանի այլ աղբյուրներում դեռեւս նման հնարավորություն չկա: Ավելի, նախկին Հայջրմուղկոյուղու համակարգում շատ ինժեներական կառույցներ «Լոկատոր» էլ չունեն: Օպերատորների ներկայությանն այնտեղ պարտադիր է: Բայց իրավիճակը կամաց-կամաց շտկվում է, այսպես վերջերս հնարավոր է դարձել Աշտարակից կառավարել, օրինակ, Ծաղկաձորի պոմպակայանը, Թեղուտինը նույնպես արդեն այստեղից են միացնում-անջատում: Բայց շատ կառույցներ, անգամ տեխնիկական միջոցների առկայության դեպքում, մշտապես ուշադրության կենտրոնում են: Օրինակ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի «Լամպերի գործարան» օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ): Կարգավարականից լավ «երեւում է» ոչ միայն դրա լցվածությունը, այլեւ ջրի ճնշումը Արաբկիրի բաշխիչ ցանցում: Որպեսզի այն անկում չապրի, ինչես նաեւ խուսափելու համար, այսպես կոչված «պերելիվից», կարգավարները մշտապես «զգուշությամբ» ավելացնում- պատասեցնում են ջրի հոսքն ամբարից քաղաքային ցանց: Այսպես է կառավարվում նաեւ «Մսի կոմբինատ» ՕԿՋ-ն, որը սնում է Շենգավիթի մեծ մասը: - Ամռանը, - ասում է Սարգիս Գրիգորյանը, - իրավիճակը շատ լարված էր այն առումով, որ համակարգն աշխատում էր ողջ հզորությամբ, եւ անգամ մեկ պոմպի կանգառը խախտում էր ջրի բալանսը համակարգում, ճնշման տատանումների պատճառ դառնում: Հիմա մենք շատ ազատ պոմպեր ունենք, մեկը կանգնում է՝ միացնում ենք մյուսը: Սպառողները դա անգամ չեն նկատում: Հենց միայն Կաթնաղբյուրում վերջին երկու շաբաթներին 7 պոմպ ենք անջատել: Ընդ որում, անջատել են դրանք հերթականությամբ, ուշադիր հետեւելով ՕԿՋ-ների լցվածությանը: Այստեղ շատ կարեւոր է պահպանել ոսկե միջինը. մի կողմից պետք է տնտեսել հոսանքը, բայց մյուսից՝ սպառողը եւս չպետք է տուժի: Օրինակ, նույն Կաթնաղբյուրի պոմպերի մասով չափանիշ է հանդիսացել Երեւանի «պլանի գլխի» «Աբովյան պուրակ» ջրամբարը: Դեռ 3 օր առաջ այստեղ ջրի բարձրությունն ամբարներում 7,3 մետր էր. առավելագույն թույլատրելի մակարդակ: Ներկայումս այն մոտ 6 է, որը միանգամայն բավարար է մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի կայուն ջրամատակարարման համար: Պոմպերն էլ անջատված են: Աշնան հետ նվազել է հոսանքի ծախսը նաեւ Արզնիում, Գառնիում, Ապարանում, Գյումուշում, Արարատյան 1,2 պոմպակայանում: Մարզերում եւս սկսվել է էլեկտրաէներգիա տնտեսվել: Եթե հուլիսին, ջրի սպառման «պիկին», համակարգը ծախսում էր օրական 190 հազար կՎտժ հոսանք, ապա հոկտեմբերին՝ միայն 90 հազար: Իսկ դրանք զգալի տնտեսված միջոցներ են, որոնք կուղղվեն համակարգի զարգացմանը: Այսօր Աշտարակում համեմատաբար հանգիստ է, ինչն արտացոլվում է ցուցանիշներում: Իրավիճակը օր օրի կայունանում է: Կենտրոնական կարգավարականում զարկերակը բաբախում է համաչափ ու հանգիստ: Համակարգը ապահովում է սպառողների կայուն ջրամատակարարումը՝ համաձայն հայտարարված գրաֆիկի եւ ժամանակ տալիս ընկերությանը նոր ծրագրեր կազմել ու ուժեր կուտակել հաջորդ տարի ավելի զգալի առաջընթաց ապահովելու համար: [b] Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր