Ղազախստանի բնակիչը սեփական հուղարկավորությունից 2 ամիս անց տուն է վերադարձել
Ղազախստանի Թոմարլի գյուղում 63-ամյա Այգալի Սուպուգալիևը հուղարկավորությունից 2 ամիս անց տուն է վերադարձել:
Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
՛
Բանն այն է, որ այս տարվա հունիս ամսին նա դուրս է եկել տանից և չի վերադարձել: Հարազատները դիմել են ոստիկանություն, որից հետո նա մի քանի ամիս անհետ կորած էր համարվում:
Որոշ ժամանակ անց հարազատներին կանչել են դիահերձարան՝ վերջինի դին ճանաչելու, սակայն նրանց չի հաջողվել ճանաչել այն, քանի որ շոգից դիակը անճանաչելի է դարձել և այդ պատճառով ԴՆԹ թեսթ է կատարվել, որի արդյունքում 99,92 տոկոս հավանականությամբ մասնագետները հայտնել են, որ հանգուցյալը Ա. Սուպագալիևն է:
Ընտանիքը հուղարկավորել է հանգուցյալին: Սակայն օրեր առաջ տղամարդը տուն է վերադարձել:
Պարզվել է, որ նա արտագնա աշխատանքների է մեկնել և 4 ամիս անց որոշել է վերադառնալ տուն:
Թե ում են հուղարկավորել նրա փոխարեն, դեռ հայտնի չէ:
Ա. Սուպագալիևի հարազատները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտի, որի փորձագետները ԴՆԹ թեսթ են անցկացրել: