211652_close_icon
views-count67786 դիտում article-date 23:43 05-11-2018

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մեծ թվով աշխատակիցներ, ի նշան բողոքի, պառկել են ռելսերի վրա. գնացքները չեն կարողանում տեղաշարժվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, ովքեր աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի՝ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, ինչի պատճառվ էլ գնացքները չեն կարողանալու երթևեկել: Այս պահին մեկ շոգեքարշ կանգնած է մնացել, քանի որ նշված ընկերության աշխատակիցները պառկել են գնացքի գծերի վրա ու հրաժարվում են բացել գնացքի ճանապարհը; Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում չենք տվել ու հիմա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը մի դարակազմիկ որոշում է կայացրել, որ մեզ բոլորիս պրեմիաներից պետք է զրկեն: Մթամ ինչ աշխատավարձ էիք տալիս, որ հիմա էլ դա եք կտրում: Եղել են օրեր ու ամիսներ, որ աշխատանքային ժամից 4- 5 ժամ ավել ենք աշխատել, բայց կյանքում չենք ասել՝ ավել աշխատանքի դիմաց վճարեք: Մտածել ենք, որ մեր երկրի համար ենք անում: Էս գիծը համարվում է ստրատեգիական ճանապարհ: Մենք գիտենք, որ էս ճանապարհը նաև սահմանն է պահում, զինվորին հաց է տեղափոխվում, բայց եթե դիմել ենք այս ծայրահեղ քայլին, հուսով ենք մեզ ականջալուր կլինեն ու խնդիրը կկարգավորեն: Սա հին խնդիր չէ: Նախկինում էլ է եղել ու հենց բարձրաձայնել ենք, ԿԳԲ-ով վախացրել են: Հիմա դիմում ենք նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի ուսումնասիրություն կատարի ու էնքան փողերի լվացման դեպք կբացահայտի, որ մի բան էլ հնարավոր կլինի մեր աշխատավարձերը բարձրացնեն՝ ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում, երբ նման աշխատանքներ կատարողների աշխատավարձը ոչ թե կրճատում, այլ ավելացնում են»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ արդեն մի քանի ժամ է՝ բանակցություններ է վարում ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, սակայն ակցիայի մասնակիցները նրան ասում են . «Մենք հարգում ենք թե՛ ոստիկանությանը, թե՛ ձեզ, բայց դանակը ոսկորին է հասել: Վարկերի տակ ճկռել ենք, ընտանիքներ կան, որոնց անդամները հիվանդանոցներում են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության չինովնիկները զրկում են մեզ մեր արդար քրտինքով վաստակած չնչին գումարներից: Էլ տեղ չունենք, միակ ելքը սա է»: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ, սակայն բողոքի մասնակիցներն ասում էին, որ այդ եկողները լսողի դերում են միայն հանդես գալիս: Նրանք ի վիճակի չեն ոչ մեր հարցերին պատասպանեն, ոչ էլ մեր խնդիրը լուծեն: Մենք պահանջում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպում: Հակառակ դեպքում՝ կաթվածահար ենք անելու երկաթուղու աշխատանքը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր