Զանգվածային հրաձգությունը լրջորեն անհանգստացնում է ամերիկացիներին
ԱՄՆ-ի տարածքում գրանցված զանգվածային հրաձգության դեպքերը չեն նվազում՝ ստեղծելով նոր իրականություն, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4657135.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Նոր սերունդների համար դրանք արդեն արտառոց չեն թվում: Քաղաքացիները պահանջում են լուծումներ օրենսդիրներից:
Քայլա Սենֆորդը վերապրել է Լաս Վեգասի զանգվածային հարձակումը: Վերջերս Կալիֆոռնիայի Թաուզանդ Օքս քաղաքի գիշերային բարում տեղի ունեցած զանգվածային հրաձգության պատկերները շատ լավ ծանոթ են վերջինիս:
Նա արյուն էր հանձնել օգնության համար, սակայն երբեք չէր մտածի, որ մեկ այլ զանգվածային սպանության դեպք կարող էր տեղի ունենալ այսքան մոտ իրեն:
«Դժվար է այս ամենի մասին նորից լսելը: Ցավն այն է, որ երեւույթը գնալով սովորական է դառնում»,- ասում է Քայլան:
Այս ամենը խորը հետք է թողել նրա կյանքում:
«Այսօր երկու անգամ եմ մտածում, նախքան ինչ որ տեղ գնալը, նույնիսկ խանութ կամ առևտրի կենտրոն»,- նշում է Քայլան:
Զանգվածային հրաձգության դեպքերը մտահոգում են շատերին:
«Սա ահաբեկչություն է: Մենք մշտապես վախի մթնոլորտում ենք ապրում: Պետք է իրերը կոչենք իրենց անունով: Մենք վախի մթնոլորտում ենք ապրում սեփական երկրի սահմաններում»,- նշում է երեք երեխաների մայր Գրեյս Ֆիշերը:
Նա պահանջում է օրենսդիրներից միջոցներ ձեռնարկել զենքերի շրջանառության վերահսկողության ուղղությամբ: Նա վախենում է իր երեխաների համար, քանի որ զանգվածային սպանությունների դեպքերը չեն նվազում:
«Այս խնդիրը միանշանակ չէ եւ պարզ լուծում չունի : Սակայն ասել, որ զենքի ազատ վաճառքը խնդիր չի հանդիսանում, ըստ իս ակնհայտը չնկատելու փորձ է»,- ասում է Ֆիշերը:
Ամերիկյան հասարակությունը շարունակում է ակտիվ պայքարել զանգվածային հրաձգության դեմ՝ փորձելով լուծումներ գտնել այս նոր իրականության պայմաններում: Նրանց համար զգուշավորությունը դարձել է սովորական երևույթ, ինչը նրանք փոխանցում են նաև իրենց երեխաներին: