Ամուսնություն, ծնունդ, մահ գրանցելու վարչատարածքային սահմանափակումները կվերանան
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՔԿԱԳ ոլորտում դեռևս Խորհրդային տարներին բնորոշ ծառայությունների համակարգային փոփոխմանը՝ մեկ պատուհան ծառայություն ներդնելու միջոցով:
Այսու՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով քաղաքացիական կացության ակտերի գրանցումը սահմանափակվում էր վարչատարածքային պատկանելությամբ: Օրինագծով սահմանվում է քաղաքացիների իրավունքը՝ դիմել ՔԿԱԳ մարմինների համապատասխան գործառույթների իրականացման նպատակով, ինչը չի սահմանափակվի որևէ վարչական տարածքով:
Նախագծի ընդունման դեպքում, կձևավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ կանդրադառնա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա: Հնարավորություն կստեղծվի նաև ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակը բարելավելու համար: Բացի այդ, ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին: