211652_close_icon
views-count1826 դիտում article-date 14:02 22-11-2018

Ոռոգման ոլորտում վակխանալիա է տիրում, պետք է այս պահից հսկողության տակ առնել ողջ համակարգը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել: «Հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այսօրվանից պետք է արձանագրել, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի: «Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը. կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց: Իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով: ՀԷԿ-երի ոլորտում ի՞նչ է կատարվում. ինչի մասին կարդում ես, բլոքբաստերի տպավորություն է թողնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին հանձնարարվեց աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով: «Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր