211652_close_icon
views-count1067 դիտում article-date 16:47 23-11-2018

Շիրակի և Սյունիքի մարզերում արդիականացվել են հիդրոերկրադինամիկական ավտոմատ ցանցերի կայանները

Սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովման նպատակով ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում շարունակվում են սեյսմիկ մոնիթորինգի ազգային բազմապարամետրային դիտացանցի արդիականացման աշխատանքները: Օրերս Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները տեղադրեցին հերթական` 11-րդ և 12-րդ սարք-սարքավորումները Շիրակի մարզի Ազատան և Սյունիքի մարզի Խնածախ համայնքներում գտնվող հիդրոերկրադինամիկական հորատանցքերում: Երկու դիտակայաններն էլ սեյսմիկ մոնիթորինգի ազգային բազմապարամետրային դիտացանցի հիդրոերկրադինամիկական լոկալ ցանցի առավել զգայուն կայաններից են, որոնք տարբեր տարիներին գրանցել են մի շարք ուժեղ և միջին ուժի երկրաշարժերի նախանշաններ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական օժանդակությամբ 14 հիդրոերկրադինամիկական դիտակայանների արդիականացման համար ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ին են տրամադրվել թվային ավտոմատ նոր սարքավորումներ: Դրանցից 12-ն այսօր արդեն իսկ արդիականացված են և այդ հորատանցքերից ստացվում, մշակվում են ստորգետնյա ջրերի մակարդակի, հորատանցքում մթնոլորտային ճնշման և ջրի ջերմաստիճանի տվյալները, որոնք կարճ ժամանակում ավտոմատ փոխանցվում են Գառնիում տեղակայված ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժին: Այսպիսով, սեյսմիկ վտանգի գնահատման տվյալների բազան համալրվում է սեյսմիկ մոնիթորինգի կարևորագույն տվյալներով, որն էլ օգտագործվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներում: Մոտ ապագայում հիդրոերկրադինամիկական լոկալ ցանցի բոլոր հորատանցքերի արդիականացման աշխատանքները կավարտվեն: Դրա շնորհիվ էապես կբարձրանա տվյալների ճշտությունը, դրանք կստացվեն իրական ժամանակում` կրճատելով օպերատիվ մշակման ժամանակը, կչեզոքացվի մարդկային գործոնը, և կնվազեն ցանցի սպասարկման ծախսերը: Հնարավոր կլինի նաև առավել արագ և ճշգրիտ գնահատել Հայաստանի և Արցախի տարածքներում ընթացիկ սեյսմիկ վտանգը:

Նմանատիպ նյութեր