211652_close_icon

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելել են COAF սմարթ կենտրոն

views-count2333 դիտում article-date 23:30 25-11-2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայում ձևավորված ավանդույթի շրջանակում ասոցիացիայի անդամներն այցելել են Սաղմոսավանք վանական համալիր և Լոռիում գտնվող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) սմարթ կենտրոն: Սաղմոսավանք այցի ընթացքում ասոցիացիայի անդամները ծանոթացան վանական համալիրի պատմությանը և մասնակցեցին սուրբ պատարագի: COAF սմարթ կենտրոնում տեղի ունեցած շրջայցի ժամանակ Երևանում հավատարմագրված դեսպանների կանայք և կին դեսպանները ծանոթացան կենտրոնի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, որոնք ընդգրկում են հստակ կազմավորված ամենօրյա դասընթացներ՝ բլոկչեյն, ռոբոտիկս, ծրագրավորում ու կոդավորում, անգլերեն լեզու, երաժշտություն ու պար, գյուղատնտեսություն, արվեստ և այլ ուղղություններով: Ասոցիացիայի նախագահ Իրինա Իգիթխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան շարունակում է նախաձեռնությունները՝ ուղղված Երևանում հավատարմագրված դեսպանների կանանց և կին դեսպաններին ծանոթացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը և ավանդույթներին։ Անդրադառնալով այցի նպատակին նա նշեց, որ այս տարի որոշվել է այդ նախաձեռնությանը նոր երանգ հաղորդել՝ օտարերկրյա գործընկերներին Հայաստանը ներկայացնելով վերջին տարիներին երկրում արագ տեմպերով զարգացող տեղեկատվական և թվային ոլորտի լույսի ներքո, իսկ այցելությունը COAF սմարթ կենտրոն դրա լավագույն առիթն էր հանդիսանում: Իրինա Իգիթխանյանը մասնավորապես ընդգծեց, որ նորարարությունը և ստեղծագործ կրթությունը Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներից են, և կարող է վստահաբար շեշտել, որ Հայաստանը իրապես լուրջ հայտ է ներկայացրել այդ ոլորտները դարձնելու միջազգային հարթակում իր հիմնական այցեքարտը»։

Նմանատիպ նյութեր