211652_close_icon
views-count2081 դիտում article-date 12:32 29-11-2018

Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե իր կյանքում ինչ է փոխվելու անցումային արդարադատության իրականացման արդյունքում. Կարեն Զադոյան

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունենացավ քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով: Համաժողովին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այս թեմայով միջոցառման կազմակերպման համար, քանի որ անցումային արդարադատությունը հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության լայն շրջանին: Նա նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, նույնիսկ արյունոտ էջեր են եղել, և այսօր հնարավորություն է ստեղծված ճշմարտությունը բացահայտելու. «Պիտի լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման բաներ, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով»,- ասաց Ա. Միրզոյանը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ գնալ վերականգնողական արդարադատության տարրերի ներդրման ուղղությամբ, թե՝ ոչ: Եվ, այնուամենայնիվ, եթե ԵՄ-ին դիմեն այս հարցով, ապա իրենք պատրաստ են աջակցել կառավարությանն այս գործընթացում։ «ԵՄ-ն՝ որպես անցումային արդարադատության գործընթացում մեծագույն ներդրողը, հատկապես իր հարևանության երկրներում, կարող է լավագույն փորձի և խորհրդատվության փոխանակում առաջարկել այն մասին, թե ինչպես կապակցել այս գործընթացը ընդհանուր արդարադատության բարեփոխումներին»,- ասաց նա: Նա նշեց հավելեց. «Անկախ այս որոշումից, ԵՄ-ն շարունակում է իր աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Վերջերս բարձր մակարդակի արդարադատության շուրջ քաղաքականության երկխոսություն է սկսվել, ինչը կարևոր քայլ է Հայաստանի իշխանություններին արդարադատության ոլորտի ընդհանուր կառուցվածքի և գործունեության բարեփոխման հարցում։ Սա կնպաստի արդարադատության արդյունավետ իրականացմանը՝ ԵՄ չափորոշիչներին և Հայաստանի՝ ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների համաձայն»։ «Մենք, որպես հանձնառու ծրագիր և կազմակերպություն, ստանձնեցինք այս համաժողովն իրականացնել՝ ներգրավելով Հայաստանի անկախ և ուժեղ փորձագիտական ներուժը: Անցումային արդարադատության վերաբերյալ մեծ ուսումնասիրություն ենք իրականացրել, շուրջ 35 երկրի փորձ է ուսումնասիրվել՝ և ձախողված, և հաջողված»,- ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա նշեց, որ միջազգային փորձից նախևառաջ պետք է քաղել այն դասերը, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի անցումային արդարադատություն անցկացման մասին, դրա նպատակների և որ կարևորն է, թե ինչ է իր կյանքում փոխվելու այդ գործընթացի իրականացման արդյունքում: Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն համաժողովի ավարտից հետո՝ համակարգելով բոլոր առաջարկները, որոնք մեծապես կօգնեն կառավարությանն ու քաղաքական ուժերին՝ անցումային արդարադատության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելիս: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձինք և ներկայացուցիչներ, փաստաբաններ և փորձագետներ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր