211652_close_icon
views-count3530 դիտում article-date 16:43 01-12-2018

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և իբր թե «դիվերսիա» կատարելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ըստ լրատվամիջոցների՝ Ա. Բաղդասարյանը դիմել է Ն.Փաշինյանին. «եթե դուք իսկապես հոգ եք տանում Ձեր ժողովրդի մասին, խնդրում եմ, որ երկու կողմերի տառապող մարդկանց ազատ արձակման հարցում Ադրբեջանից Ձեր հակառակորդի հետ ընդհանուր հայտարարի գաք»: Նամակում նշվում է նաև, որ լինելով համանման իրավիճակում՝ ինքը հասկանում է, թե ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում, և մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում: Արսեն Բաղդասարյանի նամակին հաջորդել է վերջինիս հարցազրույցի տարածումը ադրբեջանական լրատվամիջոցներով (https://azertag.az/ru/xeber/Arsen_Bagdasaryan_Pomogite_vernutsya_domoi_VIDEO-1219080), որտեղ նա հանդես է գալիս նույն կոչով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցնում Արցախի բնակչության և ՀՀ իշխանությունների հասցեին: Հարկ է նշել, որ կատարվածը բացառիկ չէ, քանի որ 2018թ. փետրվարի 27-ին ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը տարածել էր տեսանյութ (http://minval.az/news/123767613), որում Արսեն Բաղդասարյանն ադրբեջաներենով բանաստեղծություն էր արտասանում, այնուհետև նկարագրում իր բանտային հարմարավետ պայմանները՝ նշելով, որ որևէ բռնության չի ենթարկվում այնտեղ: Արսեն Բաղդասարյանի նկատմամբ պարբերաբար հասարակության ուշադրության կենտրոնացման քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) և զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է կատարվածը և կոչ անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածին տալ համարժեք արձագանք, քանի որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ու հետևողականորեն խախտվում են Արցախի Հանրապետության բնակիչ, քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքները: Պաշտպանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է հետևողական լինել իր իրավազորության տակ գտնվող Ադրբեջանի Հանրապետության 3 քաղաքացիներին հանրային հետաքրքրասիրությունից զերծ պահելու հարցում՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նորմերին: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերական ուշադրության ներքո է պահում Արցախի Հանրապետությունում ազատազրկված Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները և ըստ անհրաժեշտության նրանց հետ հանդիպումներ է ունենում ազատազրկման վայրում»: [b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր