211652_close_icon
views-count1749 դիտում article-date 16:00 02-12-2018

«Քաղաքացու որոշում»-ն առաջարկում է բոլոր ուժերին ընտրվելու դեպքում նախաձեռնել նոր Սահմանադրության ընդունման գործընթաց

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնության առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ: «Ստորև ներկայացնում ենք համաձայնագրի տեքստը և առաջարկում քաղաքական ուժերին միանալ դրան. Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը, համարում ենք, որ գործող Սահմանադրությունը․ ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում, կեղծվել է հանրաքվեի արդյունքները և հասարակական լայն համաձայնության արտահայտություն չէ, այն ձևավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու և պետական իշխանությունը սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար։ Դելեգետիմ Սահմանադրության պայմաններում ներկա հանրային հարաբերությունները, համակեցության հավաքական կանոնները և արժեքները ընդունելի չեն բոլորի համար, միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, որը ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների ու ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։ Գիտակցելով մեր պարտքը և հանձնառությունը Հայաստանի ժողովրդի առաջ ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ու հանրային համերաշխության վրա հիմնված սահմանադրական կարգ հաստատելու գործում՝ գալիս ենք փոխադարձ համաձայնության առ այն, որ ընտրվելու և ԱԺ-ում հայտնվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք հասարակական լայն և ներառողական մասնակցության և համաձայնության վրա հիմնված նոր սահմանադրություն ձևավորելու և ընդունելու գործընթաց»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր