211652_close_icon
views-count2232 դիտում article-date 12:09 12-12-2018

Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորը. «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»։ Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 3-ից և հայտարարությամբ ներկայացրել է իր պահանջները. «2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։ Ընկերությունը դատական Հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում։ Ընկերության հանդեպ մշակույթի նախարարների, ազգային կինոկենտրոնի հետ համատեղ իրականացված անօրինությունների հանգույցը քանդելու համար պետք է․ Ա․) Երկարաձգել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի ժամկետը և կատարել 13.11.2015թ․ N 329 գրությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բ․) Ապահովել 2017թ. մշակույթի նախարարի հանձնարարությամբ «Տատիկիս Վարսերը» ֆիլմից ժամանակավորապես վերցրած գումարի վերադարձը ֆիլմին։ Գ․) Ներկայացնել մշակույթի նախարարի հրամանով ստեղծած ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովի կողմից Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության Հայտերի քննությունը մերժելու իրավական հիմնավորումները, դրանց բացակայության, ոչ լիարժեքության, կամ հակառակը ապացուցող փաստաթղթերի առկայության դեպքում չեղարկել այդ որոշումը՝ փոխհատուցելով մեր կրած վնասները։ Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից իմ՝ ֆիլմարտադրողի ստեղծագործելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, ես՝ Հովհաննես Գալստյանս, 2018թ. դեկտեմբերի 3-ի, ժամը 15:00-ից հայտարարում եմ հացադուլ և ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ․ 1. «Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ։ 2. «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից 2017թ. վերցրած գումարի վերադարձ։ 3. «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» Հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։ Այս հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»։

Նմանատիպ նյութեր