211652_close_icon
views-count1193 դիտում article-date 19:16 24-12-2018

Քայլեր են ձեռնարկվում թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման համար

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրվել են հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով: Կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աղբահանության կազմակերպումն ապահովել լրացուցիչ հատուկ ժամանակացույցով: «Կապված տոների հետ, բնականաբար, աղբը մայրաքաղաքում ավելի շատ կլինի և այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել: Եթե նախկինում աղբը հավաքվում էր ավելի քիչ ժամանակահատվածում, այդ օրերին ավելի արագ է հավաքվելու: Այնպես որ, պետք է ավելի շատ աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը: «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարվել է քննարկել և առաջարկներ ներկայացնել տոն օրերին արտաքին լուսավորության ժամանակացույցը վերանայելու վերաբերյալ: Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման առնչությամբ քաղաքապետին զեկուցել են, որ շահագրգիռ կողմերի հետ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերության տարածքում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, «չիփավորման», ստերջացման և պահպանման նպատառումով: Նշվել է, որ արդեն գալիք տարվա հունվարի վերջին կմեկնարկեն աշխատանքները դաշտային վիրահատությունների սկզբունքով: Ողջ գործընթացը կիրականացնի «Նոր բարեկարգում» ընկերությունը՝ ոլորտի մասնագետների ներգրավմամբ և հանրային վերահսկողության ներքո: Բուժարանի, կացարանային պայմանների և դեղորայքի ձեռքբերման համար կանցկացվեն համապատասխան մրցույթներ: Անդրադառնալով «Շտապբուժօգնություն» ընկերության զեկույցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բնակիչների կանչերին առավել արագ արձագանքելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական համակարգ՝ փողոցներում առկա հնարավոր խցանումների մասին նախապես տեղեկացված լինելու համար: ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 28-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով: Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է լինել պատրաստ և ձնամաքրումը կազմակերպել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչների համար դժվարություններ չառաջանան:

Նմանատիպ նյութեր