211652_close_icon
views-count2159 դիտում article-date 15:40 25-12-2018

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց «Մուլտիմեդիա» լաբորատորիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը: Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները, դասախոսներ և ուսանողներ: ԵՊՀ-ի և «Sound Progress» ՍՊԸ-ի միջև համագործակցության արդյունքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ձայնագրման և ձայնի մշակման հմտությունները սովորելու են անմիջապես մասնագետներից, ինչն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել և հետագայում աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար և նշեց, որ լաբորատորիայի բացումը մի նոր խոսք է համալսարանական կրթության մեջ: «Ես պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ այս լսարանն իր տեխնիկական տվյալներով յուրահատուկ է ոչ միայն համալսարանում, այլև ընդհանրապես մեր հանրապետությունում,- նշեց Արամ Սիմոնյանը,- առաջին անգամ հենց ԵՊՀ ուսանողները կսովորեն ձայնագրել, մոնտաժել ձայնը ժամանակակից տեխնիկայով, որևէ անհարմարություն չեն զգա լսարանից աշխատավայր տեղափոխվելիս»: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն առաջինն էր, որը ձայնագրվեց նոր ստուդիայում: Դեկանի խոսքով, ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիան, որը նախկինում երազանք էր թվում, այժմ համատեղ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել: ««Sound Progress»-ի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետում այժմ ունենք այս լաբորատորիան, այսուհետ մեր ուսանողները բոլոր տեխնիկական պայմաններն ունեն լրագրողական որակյալ արտադրանք տալու և հեռուստատեսությունների ուշադրությունը գրավելու համար»,- ասաց Ն. Մարտիրոսյանը: «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը կարևորեց այն փաստը, որ ուսանողների մուտքը լրագրողական կյանք լինելու է գործնական գիտելիքներով հագեցած: «Ինչ-որ առումով այս լաբորատորիան ապագա լրագրողների համար նշաձող է լինելու. որակի և տեխնիկական հագեցվածության չափանիշը կարևորագույն պայման է լինելու նրանց համար հետագայում աշխատանք փնտրելիս»,- ասաց Տիգրան Հակոբյանը: Արսեն Հակոբյանը պատրաստակամության և ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին: «Այս լաբորատորիան վստահություն է տալու ապագա լրագրողին, քանի որ նա արագ զարգացող տեխնիկական միտումներին արդեն ծանոթ կլինի և աշխատավայրի տեխնիկական պայմաններին ընտելանալու կարիք այլևս չի ունենա»,- ասաց Արսեն Հակոբյանը: «Sound Progress» ընկերության ներկայացուցիչները դասավանդելու են «Մուլտիմեդիա» լաբորատորիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր