211652_close_icon
views-count1000 դիտում article-date 11:17 26-12-2018

Պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել պատժախուց տեղափոխված կալանավորների և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ [url=http://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/3023fb5c4845dda4caae9167e10a0eaf.pdf]զեկույց [/url]«Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա: Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով, նրան զրկում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը չի հիմնավորվում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը: Պաշտպանի համոզմամբ՝ նման ոչ համաչափ սահմանափակումն առաջացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության իրավունքներից անհամաչափ և մեխանիկական զրկում: Նշենք նաև, որ պայմանավորված խնդրի համակարգային բնույթով՝ Պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականությունը: Հիմնավորվել է նաև այդ կարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավաբանությանը:

Նմանատիպ նյութեր