211652_close_icon
views-count1965 դիտում article-date 16:33 26-12-2018

Նամակ Նիկոլ Փաշինյանին. Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նոր գործոններ են հայտնաբերվել

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «CEE Bankwatch Network» եվրոպական միջազգային ցանցը եւ Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ն նամակ են ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրում նոր գործոնների հայտնաբերման վերաբերյալ: Նամակում նշված է. «Ամուլսարի ոսկու ծրագրով պայմանավորված սոցիալ-բնապահպանական վիճակի վատթարացումը եւ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Ամուլսարի ծրագրին տրված եզրակացությունների անորոշ կարգավիճակը հաշվի առնելով՝ կառավարության ուշադրությանն ենք ներկայացնում նոր փաստեր, որոնք արտացոլված են կից փաստաթղթերում: Առաջին փաստաթուղթը «Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում նոր հանգամանքների մասին հաշվետվությունն» է, որը պատրաստել են Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության գիտնականները: Երկրորդ փաստաթուղթը ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ սոցիալական հետեւանքների գնահատականը ազդակիր համայնքների բնակչության կողմից» սոցիոլոգիական հետազոտությունն է, որն իրականացրել է «Համայնքային փոխօգնություն» ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանը: Երկու ուսումնասիրությունները կատարվել են 2018թ. հոկտեմբերին «CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացողն է «ICT Fair»-ի կոնսորցիումը՝ (Swedwatch (ծրագրի ղեկավար), CEE Bankwatch ցանց, Էդինբուրգի համալսարան, «CATAPA», «Le Monde Diplomatic», «Դեպի կայունություն ասոցիացիա», «People and Planet», «Electronic Watch», «SETEM Catalunya», «Südwind» եւ «ICLEI»): «ICT Fair»-ի կոնսորցիումի կազմակերպությունները գործում են միասին` բարեփոխելու տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արտադրությունը եւ հանքանյութերի մատակարարման շղթաները «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր աջակցել ԵՄ եւ Հայաստանի միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի երրորդ գլխի (Շրջակա միջավայր) իրականացմանը: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 45-րդ հոդվածի համաձայն. «Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի մասով իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու գործարարությունը, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման եւ տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաեւ՝ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»: Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության հաշվետվության մեջ ներկայացված հիմնական եզրակացություններն են. Էմերալդ ցանցը եւ Բեռնի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008թ-ին, բավարար ուշադրության չեն արժանացել Ամուլսարի ԲՍԱԳ հաշվետության մեջ, եւ ԲՍԱԳ-ը տեղեկատվություն չի տրամադրել ՀՀ համապատասխան մարմիններին (Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը) առ այն, որ այս ծրագիրն ուղղակիորեն ազդում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված Էմերալդ ցանցի վրա, եւ հնարավոր են բացասական ազդեցություններ ԲՍԱԳ-ում բացակայում է Ամուլսարի ոսկու ծրագրի ազդեցությունների գնահատումը Էմերալդի տարածքների էկոլոգիական առանձնահատկությունների վրա Ամուլսարի ԲՍԱԳ-ում կիրառվում են մեթոդաբանություններ, որոնք չեն արտահայտում Բեռնի կոնվենցիայի դրույթները եւ անհամատեղելի են Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքների (ԲՀՀՏ)` Էմերալդ ցանցի հետ ԲՍԱԳ-ում նաեւ չեն գնահատվել պաշտպանության ներքո գտնվող մի շարք ցեղատեսակների եւ բնակավայրերի վրա հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաեւ Արփա գետի հնարավոր աղտոտման ազդեցությունը եւ հնարավոր սպառնալիքները ջրային էկոհամակարգերի նկատմամբ: Երկրորդ հաշվետվության` սոցիոլոգիական ուսումնասիրության հիմնական եզրակացությունն է. «Հանքի գործունեության ողջ ցիկլի սոցիալական ազդեցությունների շուրջ հարցման մասնակիցների շրջանում ձեւավորված ծայրահեղ դրական եւ ծայրահեղ բացասական գնահատականները կրում են բնակչության ոչ բավարար տեղեկացվածության, հանքի աշխատանքների շարունակման մեջ ուղիղ անձնական շահ տեսնող փոքրաթիվ խմբի կողմից բացասական հետեւանքների իսպառ հերքման եւ ողջ բնակչության շրջանում ստեղծված հուզական լարված դաշտի գերազդեցությունը: Այս ենթատեքստում կարեւոր է հիշատակել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2018 նոյեմբերի 16–ին Երեւանում ունեցած ելույթը: Նա նշել է, որ նախորդ տարիներին դժվարություններ են եղել համայնքների համար տեղեկատվության հասանելիության, հանրային քննարկումներին բնակչության իմաստավորված մասնակցության եւ հանքերի տրամադրման շուրջ համաձայնության գալու հարցերում: Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման հարցում մեծ անբավարարվածություն կա այն համայնքներում, որոնք ուղղակիորեն տուժում են հատկապես ջրի, կենցաղի կազմակերպման վրա դրանց ազդեցություններից, որոնք արդյունք են ազգային օրենսդրության շրջանցման: Հանքի ճանապարհն արգելափակած ակտիվիստների բողոքը վկայում է, որ կառավարությունը պետք է խորհրդակցի համայնքի անդամների հետ ինչպես հանքի սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունների, այնպես էլ օգուտների շուրջ: Որպես առաջին քայլ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն առաջարկեց իրականացնել այնպիսի խորհրդատվություն, որը կապահովի հանքային նախագծերի` բիզնես եւ մարդու իրավունքներն առաջնորդող սկզբունքներին համապատասխանությունը եւ կհարգի մարդու իրավունքներն ու Կայուն զարգացման նպատակները»:

Նմանատիպ նյութեր