2387 դիտում
23:03 26-12-2018
Մի շարք քրեակատարողական հիմնարկների պետեր Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունում
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ինչպես նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների պետերը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով հյուրընկալվեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունում:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր երախտիքի խոսքը հղեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց՝ նշելով, որ վերջիններիս մարդասիրական և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի Իսլամական Հանրապետության կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ ծագած ցանկացած խնդրահարույց իրավիճակ անմիջապես արժանանում է պատշաճ ուշադրության և լուծվում օրենսդրության պահանջներին համապատասխան:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բարձր գնահատեց ԻԻՀ դեսպանության և ծառայության միջև առկա համագործակցությունը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ամենօրյա ռեժիմով շարունակել արդեն իսկ ձևավորված բարիդրացիական հարաբերությունները:
Հանդիպմանը ներկա գտնվող քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները ևս շնորհակալական խոսքեր հղեցին ԻԻՀ դեսպանին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կրկին հավաստելով ծառայության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ արձագանքնելու իրենց պատրաստակամությունը:
Համագործակցության կայացման համատեքստում դեսպանն անդրադարձավ նաև փորձի փոխանակման անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ օտարերկրյա քաղաքացիների առնչությամբ ծագած խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ նպատակահարմար է տեսական փոխհամաձայնությունն ամրապնդել առարկայական գործողություններով, ինչը հնարավոր է իրականացնել երկու երկրների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Այդ կապակցությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին հավաստիացրեց նաև, որ կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ՝ կազմակերպելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ա. Մխոյանը դեսպանին հակիրճ ներկայացրեց նաև քրեակատարողական համակարգում մեծ թափով սկիզբ առած բարեփոխումները՝ հավաստիացնելով, որ այդպիսիք նպաստելու են անազատության մեջ պահվող անձանց պահման պայմանների և բուժսպասարկման որակի բարելավմանը, սննդամթերքի ու ճաշատեսակների բազմազանությանը և որակական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաև օգտակար զբաղվածության ապահովմանը:
Հանդիպման ավարտին երկու բարեկամ երկրների ներկայացուցիչները շնորհավորեցին միմյանց գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և առաջընթաց:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2656 դիտում
15:00 27-08-2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2014 դիտում
22:57 01-11-2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին