Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Audi-ն ու Toyota Camry-ն. վերջինն էլ մխրճվել է ավտովերանորոգման սրահի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Դեղձուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Մովսիսյանի վարած Toyota Camry մակնիշի 77 MQ 707 համարանիշի և Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 37-ամյա Արկադի Թամալյանի վարած Audi մակնիշի 15 ՏԼ 095 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և ավագ տեսուչ Կարապետ Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհին գործող ավտովերանորոգման սրահի մեջ՝ վնասելով ավտոսրահում գտնվող գույքը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի