6305 դիտում
22:50 09-01-2019
Այսօր լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը
Այսօր լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը:
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը թանգարանի աշխատակիցների և արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին` Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովն ընդունվել է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց հեռանալով ինստիտուտից ընդունվել է միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալ բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։
Այնուհետև սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։
Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ նկարահանել է ֆիլմի լիամետրաժ տարբերակը: Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել ժամանակի մեծագույն ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելլինին, Անդրեյ Տարկովսկին և այլք:
Ս. Փարաջանովի առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964 թ.), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների և Փարաջանովին հռչակ բերել:
1968 թվականին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
1973 թվականին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թվականին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման ներքո ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թվականին Փարաջանովը դարձյալ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին Գարուն» (1992 թ.) վավերագրական ֆիլմում։
Սերգեյ Փարաջանովին նվիրված նկարահանվել է շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը` Վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին 21-ին` Երևանում:
Նմանատիպ նյութեր
5603 դիտում
14:21 09-01-2017
Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
8113 դիտում
09:07 09-01-2020
Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
1830 դիտում
14:59 26-09-2014
Այսօր լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը. ֆոտոշարք
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր