5652 դիտում
15:52 13-01-2019
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուս լրագրողներին ծուղակն են գցել և գնդակահարել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց հրահանգով. անկախ հետաքննություն
Ռուսաստանցի լրագրողներ Օրհան Ջեմալն, Ալեքսանդր Ռաստորգուևն ու Կիրիլ Ռադչենկոն սպանվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում 2018թ-ի հուլիսին ռուսական իշխանությունների և հավանաբար անմիջականորեն Վլադիմիր Պուտինի հետ կապված անձանց հրահանգով, գրում է [url=https://jam-news.net/%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D1%85-%D0%B6%D1%83%D1%80%D0%BD%D0%B0%D0%BB%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D0%B8-%D0%B2-%D0%BB%D0%BE/?lang=ru]JamNews-[/url]ը։
Այսպիսի եզրակացության են եկել անկախ հետաքննության հեղինակները, որը տևել է ավելի քան կես տարի մի քանի երկրների լրագրողների մասնակցությամբ։ Հետաքննությունը հրապարակվել է ռուսական «Նովայա գազետայում», այն պատասխանում է բոլոր հարցերին․ ինչո՞ւ են լրագրողները մեկնել Աֆրիկա, ո՞վ, ինչի՞ համար և ի՞նչ հանգամանքներում է նրանց գնդակահարել։
Մի խումբ ռուսաստանցի լրագրողներ Կենտրոնաաֆրիկյան հանրապետություն (ԿԱՀ) էին մեկնել՝ հաստատելու կամ հերքելու այդ երկրում ռուս վարձկանների կազմակերպված խմբի ներկայության մասին տեղեկությունները։
Ըստ ռուսական և միջազգային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ռուս վարձկանները, որոնք հայտնի են «Վագների խումբ» անվանմամբ, այդ երկրում ապահովում են ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի բիզնեսի՝ ոսկու արդյունահանման անվտանգությունը։
Եվգենի Պրիգոժինը քրեական անցյալ ունեցող պետերբուրգցի ձեռնարկատեր է։ Նրան համարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից։
Պրիգոժինը Ռուսաստանում և դրա սահաններից դուրս լայնորեն հայտնի է որպես «Պուտինի խոհարար»։ Այս մականունը նա ստացել է, քանի որ նրա ընկերությունը ռուսական ուժային կառույցներին պարեն ապահովելու հսկայական պետական կապալներ է ստանում։
Պրիգոժինին է պատկանում նաև Համացանցային հետազոտությունների գործակալությունը, որն առավել հայտնի է որպես «Տրոլերի ֆաբրիկա»։
Հենց այս գործակալությանն են մեղադրում ԱՄՆ-ում 2016թ-ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի համար, երբ սուր մրցակցության պայմաններում իշխանության եկավ երկրի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը։
Եվ հենց այդ գործակալությանն են մեղադրում 2016թ-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների վրա ազդելու փորձի համար, երբ հասարակության փաստացի պառակտման պայմաններում ձայների մեծ մասը տրվեց Եվրամիությունից Բրիտանիայի ելքի օգտին։
Բացի այդ, բազմաթիվ միջազգային աղբյուրներ հաստատում են, որ Պրիգոժինի վերահսկողության տակ գտնվող «Վագների խումբը» վարձկաններ էր ուղարկել՝ Սիրիայում և Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու։
Լրագրողների սպանությունից հետ ԿԱՀ են այցելել մի խումբ ռուս քննիչներ։ Նրանք այդ երկրում երեք օր են անցկացրել։ Նրանց աշխատանքի արդյունքները դեռ չեն հրապարակվել։
Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը պնդում է, որ «լրագրողները զոհվել են կողոպուտի փորձի հետևանքով»։
Հետաքննությունների կառավարման կենտրոնի անկախ լրագրողներն ուսումնասիրել են իրենց գործընկերների մահվան հանգամանքները։ Նրանց վարկածը հետևյալն է։
Օրհան Ջեմալն, Ալեքսանդր Ռաստորգուևն ու Կիրիլ Ռադչենկոն սկսել են հետաքննել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսական ռազմական ներկայությունը Հետաքննությունների կառավարման միջազգային կենտրոնի աջակցությամբ։ Այն ֆինանսավորվում է գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից, որը բնակվում է Լոնդոնում և ռուսական իշխանությունների ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սուր քննադատ է։
Այդ նույն կենտրոնն էլ հենց կազմակերպել էր Ջեմալի, Ռաստորգուևի և Ռադչենկոյի մահվան հետաքննությունը։
Նախկինում Միխայիլ Խոդորկովսկին «Յուկոս» խոշոր նավթային ընկերության ղեկավարն ու Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Սակայն Պուտինի հետ նրա կոնֆլիկտը հանգեցրեց նրան, որ «Յուկոսը» պետականացվեց, իսկ Խոդորկովսկին տասը տարի անազատության մեջ անցկացրեց։
Լրագրողները ԿԱՀ-ում կապերի վերաբերյալ խնդրանքով դիմել էին իրենց գործընկեր մոսկվացի լրագրող Կիրիլ Ռոմանովսկուն։ Ռոմանովսկին աշխատում է «ՖԱՆ» ռուսական տեղեկատվական գործակալությունում, որը համարվում է Եվգենի Պրիգոժինի կառույցների հետ կապ ունեցող։
Այդ պահից սկսած՝ Ջեմալը, Ռաստորգուևն ու Ռադչենկոն դատապարտվել էին, կարծում են հետաքննության հեղինակները։
Ռոմանովսկին նրանց խորհուրդ էր տվել ԿԱՀ-ում դիմել Մարտին անունով մի օգնականի։ Սակայն անկախ հետաքննությունն այն եզրակացության է եկել, որ այդպիսի մարդ երբեք գոյություն չի ունեցել, և այդ անվան տակ հանդես էր գալիս տեղի ոստիկանության աշխատակիցը, որը սերտորեն համագործակցում էր այդ երկրում «Վագների խմբի» ներկայացուցիչների հետ։
Լրագրողներին ծուղակն են գցել և գնդակահարել։ Կատարվածը ներկայացվել է որպես կողոպուտ, պնդում են անկախ հետաքննության հեղինակները։
Որպես իրենց վարկածի ապացույց Հետազոտությունների կառավարման կենտրոնի լրագրողները ներկայացրել են բազմաթիվ փաստաթղթեր և լուսանկարներ։
Առանձնահատուկ արժեք ունեն բջջային կապի օգտատերերի զանգերի ցանկերը, որոնք լրագրողներին տրամադրել են օպերատորները։
Որոշ տեղեկությունների աղբյուրներ հեղինակները հրաժարվել են մատնանշել անվտանգության նկատառումներով։
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
21:39 14-02-2014
Ֆրանսիան ևս 400 զինվոր է ուղարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
610 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN