211652_close_icon
views-count1889 դիտում article-date 11:40 15-01-2019

Իշխանության բեռը Փաշինյանը տանելու է միայնակ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարևոր չէ, թե ով է ընտրվել Ազգային ժողովի նախագահ, կարևոր է, որ Հայաստանում խորհրդարանի նախագահը, առավել ևս փոխնախագահները վաղուց արդեն ոչինչ չեն որոշում: Դժվար թե միայն օրենսդրական կամ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է շտկել այս վիճակը: Իշխանության տարբեր թևերի պատասխանատվությունը նաև հնարավոր չէ հավասարապես բաշխել Նիկոլ Փաշինյանի զուտ «քաղաքական կամքով», անգամ եթե շատ մեծ ցանկություն ունենա: Իրավիճակի խորքային պատճառը ոչ այնքան օրենսդրության կամ «կամքի» խնդիրների մեջ է, որքան հասարակության զարգացման աստիճանի: Հասարակության ակնկալիքները ոչ թե Արարատ Միրզոյանից կամ, ասենք, Վահե Էնֆիաջյանից են, ոչ էլ, ի դեպ, որևէ նախարարից կամ մարզպետից, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից: Ընդ որում, մեր քաղաքացիների մեծ մասը սպասում է, որ վարչապետը մի քանի ամսում ինչ-որ հրաշքներ կգործի: Այնպես որ, իշխանության բեռը Փաշինյանը տանելու է միայնակ: Դա լավ չի պետական համակարգի տեսանկյունից, նաև հսկայական պատասխանատվություն է վարչապետի ուսերին: Այդ առումով 1990-1995 թվականներին (վերցնում եմ իշխանության «լեգիտիմ» ժամանակահատվածը, ինչպիսին նաև հիմա է) Լևոն Տեր-Պետրոսյանի վիճակն ավելի շահեկան էր, որովհետև նրա կողքին էին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Հրանտ Բագրատյանը, իսկ ընդդիմախոսներն էին Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Դաշնակցությունը: Նրանք բոլորն ունեին որոշակի վարկանիշ՝ դրական թե բացասական, կարևոր չէ: Այն ժամանակ թե՛ իշխանական ճամբարի ներսում և թե՛, բնականաբար, իշխանության և ընդդիմության միջև կային խորը հակասություններ, բայց դա ենթադրում էր նաև պատասխանատվության որոշակի բաշխում ամբողջ քաղաքական համակարգի մասշտաբով, թեև 90-ականների սկզբին էլ թե՛ ակնկալիքների և թե՛ հայհոյանքների առյուծի բաժինն ուղղվում էր առաջին դեմքի հասցեին: Հավանաբար, այսօր «անձնակենտրոնության» հաղթահարմանը պետք է նպաստեն առաջին հերթին խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության հատվածը: Վերջինիս առաքելությունը, հիշեցնեմ, ոչ թե իշխանությունների ցանկացած քայլի արդարացումն է և գովերգումը (ինչով վերջերս զբաղված էր հ/կ-ների մի մասը), այլ հասարակության շահերը պաշտպանելը, նաև՝ իշխանությունների ոտնձգություններից: Իսկ ընդդիմությունը․․․ Գուցե ինձ հետ շատերը համաձայն չլինեն, բայց խորհրդարանի նախագահի, ըստ էության, միաձայն ընտրությունը լավ նշան չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր