211652_close_icon
views-count2445 դիտում article-date 17:30 27-01-2019

Բանակի օրվա առիթով Ս. Պատարագ է մատուցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ- մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին Բանակի օրվա կապակցությամբ, ուրախությամբ արձանագրեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել բանակին նվիրված տոնը Մայր Աթոռում սկսել աղոթքով՝ Հայրենիքի ու նրա պահապանների համար Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն և ոգու անսասանություն: Նորին Սրբությունը Հայոց բանակի քաջազուն մարտիկներին մաղթեց, որպեսզի Ամենակալ Տերը մշտապես ամուր պահի նրանց բազուկը և երբեք չխաթարվի Հայոց աշխարհի սահմանների խաղաղությունը: Իր հերթին ՀՀ Պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Պրն. Տոնոյանը կարևորեց գնդերեցների ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, նաև վստահեցրեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր