3645 դիտում
15:50 29-01-2019
ՊԵԿ-ն արձանագրել է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵՏ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:
Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 273,9 մլն դրամ, 2016-ին՝ 1.349,8 մլն դրամ, 2017-ին՝ 2.416,0 մլն դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 4.683,7 մլն դրամ գումար: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի 8,7 միլիարդ դրամի չափով գումար:
Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է հիփոթեքային վարկեր ձեռք բերած անձանց և վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես՝ 2018 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 1.392,1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (719,2 մլն. դրամ) գերազանցել է 672,9 մլն. դրամով կամ 94%-ով: 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ավարտին գործընթացում ներգրավված են եղել 4021 անձինք (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 2295-ի դիմաց: Թիվն աճել է 1726-ով կամ 75%-ով: Յուրաքանչյուր եռամսյակ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է միջինը 292,0 հազ. դրամ եկամտային հարկի գումար:
2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
սահմանված ձևի դիմում,
անձը հաստատող փաստաթուղթ,
հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը,
հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների վերաբերյալ,
կառուցապատողի կողմից տրված տեղեկանք,
բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր կամ առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր,
գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի վճարած եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք: Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող տասնվեց աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական՝ եկամտային հարկի վերադարձն ապահովելու նպատակով: