211652_close_icon
views-count2885 դիտում article-date 21:16 29-01-2019

Արձանագրվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 273,9 մլն դրամ, 2016-ին՝ 1.349,8 մլն դրամ, 2017-ին՝ 2.416,0 մլն դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 4.683,7 մլն դրամ գումար: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի 8,7 միլիարդ դրամի չափով գումար: Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է հիփոթեքային վարկեր ձեռք բերած անձանց և վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես՝ 2018 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 1.392,1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (719,2 մլն. դրամ) գերազանցել է 672,9 մլն. դրամով կամ 94%-ով: 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ավարտին գործընթացում ներգրավված են եղել 4021 անձինք (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 2295-ի դիմաց: Թիվն աճել է 1726-ով կամ 75%-ով: Յուրաքանչյուր եռամսյակ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է միջինը 292,0 հազ. դրամ եկամտային հարկի գումար: 2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`  սահմանված ձևի դիմում,  անձը հաստատող փաստաթուղթ,  հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը,  հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների վերաբերյալ,  կառուցապատողի կողմից տրված տեղեկանք,  բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր կամ առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր,  գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի վճարած եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք: Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող տասնվեց աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական՝ եկամտային հարկի վերադարձն ապահովելու նպատակով: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր